mnews

14 Հուլիսի, 2021

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ զոհված զինվորների հարազատների հետ հանդիպմանը Ալիեւը հայտարարել է, որ «Բաքուն ոչ պաշտոնական կապուղիներով տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Երեւանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Երեւանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ:

«Այսօր ես ուզում եմ եւս մի խնդրի անդրադառնալ: Ես այս մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ: Կարծում եմ, որ պետք է պարզաբան դա ձեր առջեւ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այսինքն՝ մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը: Սակայն Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Ոչ պաշտոնական կապուղիներով մենք տեղեկություն ենք  ստացել, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ՝ դա մեծ սխալ կլիներ: Թե՛ պատերազմի նախօրեին, թե՛ պատերազմի ժամանակ հայկական կողմը մեծ սխալներ է թույլ տվել եւ ռազմական հանցագործություններ կատարել: Սա կարող է հաջորդ մեծ սխալը լինել»,- ակնարկել է Ալիեւը:

Ըստ Ալիեւի՝ հակամարտությունը լուծված է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի: «Պետք է լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների ճանաչում, պետք է սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսվեն: Պետք է ասեմ նաեւ, որ այժմ միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: Եթե ​​Հայաստանը չի ցանկանում դա անել, կարող է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է արդեն ուշ լինել»,- հայտարարել է Ալիեւը:

kotayk

Լրահոս