25 Ապրիլի, 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր քաղաքացու օրն է։ Միտքդ վա՛ռ պահիր։

Քաղաքացու օրը 2018 թվականի Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության և այն իրականացրած համաժողովրդական շարժման մեջ յուրաքանչյուր քաղաքացու ջանքի մասին է։

Հեղափոխության մասին գրված լավագույն վերլուծությունը, ըստ իս, Վարդան Ազատյանի «Ովքեր արեցին հեղափոխությունը» գրքույկն է։

Ուզում եմ խրախուսել, որ այն կարդաք։ Ուզում եմ նաև կարճ փոխանցել գրքույկի միտքը, որ գայթակղվեք և այն կարդաք։
Ազատյանը ասում է, որ հեղափոխությունը արեցին յուրաքանչյուրիս մեջ տարբեր չափաբաժիններով (և հետևաբար մեր հանրության մեջ հավաքական իմաստով գոյություն ունեցող) մշակութային-հոգեբանական երեք ուժերը։

Առաջինը «գաղափարականները կամ քաղաքական ուխտի վկաներն» են։ Սա յուրաքանչյուրիս մեջ ինչ-որ չափով գոյություն ունեցող անձնուրաց, հուսաբեկ և միևնույն ժամանակ վճառականությամբ լի, քրիստոնեկան, լուսավորական և ժողովրդավարական արժեքներով, իրեն մեծ նպատակի միջոցը դարձնելու պատրաստ մարդն է, այսինքն այդ հատկանիշները յուրաքանչյուրիս մեջ։

Երկրորդը «ապագաղափարականները կամ հաճոյասեր դեռահասներն» են։ Սա յուրաքանչյուրիս մեջ ինչ-որ չափով գոյություն ունեցող հանրային մասնակցության անմիջական հաճույքը զգալ ցանկացող, ըմբոստ, հանդուգն և ճարպիկ, սիրահարված, պատմաքաղաքական վերլուծություններով չտարված երիտասարդն է, այսինքն այդ հատկանիշները յուրաքանչյուրիս մեջ։

Երրորդը ««արյան ուժը» կամ հեթանոս ժողովուրդն» է։ Սա յուրաքանչյուրիս մեջ ինչ-որ չափով գոյություն ունեցող հանուն արյունակցական կապերով մեզ հետ կապված մարդկանց՝ ընտանիքի անդամների ու հատկապես երեխաների ամեն ինչի կամ գրեթե ամեն ինչի պատրաստ մարդն է, այսինքն այդ հատկանիշները յուրաքանչյուրիս մեջ։

Այսօր քաղաքացու օրն է։ Միտքդ վա՛ռ պահիր»։

kotayk

Լրահոս