23 Ապրիլի, 2021

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին Երեւանում՝ ոստիկանության շենքում, խոշտանգելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՔԾ-ից՝ նշելով, որ նյութերը նախապատրաստվում են փաստաբանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հովսեփյանը ձերբակալվել է երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական դաժան բռնության։

Փաստաբան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի վարչությունում Հովսեփյանի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Հովսեփյանի դեմքին նաև վնասվածքներ են եղել, նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։

Նշենք, որ Մենուա Հովսեփյանը 4 երեխաների հայր է, երկրորդ կարգի հաշմանդամ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմին։ Վերջինս այսօր ազատ է արձակվել դատարանի որոշմամբ. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ, ոչ համաչափ է համարել նրա ձերբակալությունը։

Աղբյուր` Փաստինֆո

kotayk

Լրահոս