Քոչարյանը այդ հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա օրերին կլինեն նոր անուններ, ինչպես ինքն է ենթադրում՝ դատելով քննչական ծառայությունում տեղի ունեցածից: Ըստ նրա՝ խոսքը վերաբերելու է այդ ժամանակ բարձրագույն զինվորականներին: Քոչարյանը հայտարարել է, որ մեղադրանքից հետո նա հրաժարվել է ցուցմունք տալ: Փոխարենը երկրորդ նախագահը բավականին թափանցիկ «ցուցմունքներ» տվեց իր հարցազրույցում, որոնք կարող ենք խմբավորել և ամփոփել մի քանի կետերով:
Քոչարյանը հայտարարել է, որ նոր իշխանությունն իր դեմ շինծու գործ է սկսել՝ վախենալով առաջիկա արտահերթ խորհրդարանական գործընթացում իր քաղաքական ակտիվությունից: Այստեղ Քոչարյանը չի հստակեցրել, այդուհանդերձ, թե արդյոք պատրաստվո՞ւմ էր այդպիսի ակտիվության:
Մինչդեռ այդ հանգամանքը առաջացնում է այլ հետաքրքիր հարց՝ իսկ ո՞ւմ հետ, ի՞նչ միջոցով էր Քոչարյանը պատրաստվում այդպիսի ակտիվ քաղաքական գործունեության: Նրա գործընկերը Դաշնակցությո՞ւնն էր լինելու. ի դեպ, այդ համատեքստում հետաքրքիր է, որ նրա «ինքնապաշտպանական» հարցազրույց-հարթակը տրամադրվել էր հենց ՀՅԴ-ին պատկանող հեռուստաալիքում, թե՞ Քոչարյանի ակտիվության գործընկերը լինելու էին Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանի հետ միասին, այսպես ասած՝ վերաֆորմատավորված ՕՐՕ տարբերակը, բայց առանց Րաֆֆիի կամ գուցե նրանով՝ ո՞վ գիտե: Իսկ գուցե Քոչարյանը դիտարկում էր Գագիկ Ծառուկյանի՞ն որպես գործընկեր կամ որպես ֆորմատ, որը կապահովեր Քոչարյանի ակտիվությունը՝ հաշվի առնելով այն, որ մինչև 2015-ի փետրվար հենց Ծառուկյանի ֆորմատով էր Քոչարյանը փորձում սպասարկել իր քաղաքական հետաքրքրություններն ու Սերժ Սարգսյանի հանդեպ ընդդիմախոսությունը:
Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույցում շեշտում էր նաև այն հանգամանքը, որ անցնող տասը տարում եղել է Սերժ Սարգսյանին ընդդիմություն, գրեթե խզել է նրա հետ կապը: Երկրորդ նախագահը բավական թափանցիկ ակնարկում էր, որ նաև Սարգսյանին է ձեռնտու ներկայումս իր չեզոքացումն ակտիվ քաղաքական հեռանկարից: Մյուս հանգամանքն այն էր, որ Քոչարյանը նաև մատնացույց էր անում, որ Մարտի 1-ի իր գործողություններն ունեցել են Սերժ Սարգսյանի հավանությունը: Նա հայտարարել է, որ չի եղել մեկը, որը կարող էր դեմ լինել և արտահայտել է իր դեմ լինելը: Այդպիսով Քոչարյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանի դեմ կարող է ցուցմունք տալ:
Մյուս հանգամանքն այն էր, որ Քոչարյանը որպես այդ ամենի սկզբնավորում ակնարկում էր Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսությունը՝ այդպիսով թերևս ակնարկելով, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքով շարունակվում է հենց այդ, այսպես ասած, «դավադրությունն իր դեմ»:
Միաժամանակ Քոչարյանը ուղիղ կերպով մեղադրեց նաև Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նա էր Մարտի 1-ին ղեկավարում Մյասնիկյանի արձանի մոտ հավաքը և թույլ չտվեց, որ ցուցարարները պայմանավորվեն ոստիկանության հետ և ընդունեն այլ վայր տեղափոխվելու և հավաքը շարունակելու առաջարկը:
Եվ վերջապես, Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն փորձեց խաղարկել բանակի գործոնը՝ հայտարարելով, թե վարկաբեկում են բանակը և ուրախացնում Ադրբեջանին, քանի որ ինքը Ղարաբաղյան հաղթանակների կերտողներից է: Սա ակնհայտ զգայական շեշտադրում էր՝ մի կողմից, մյուս կողմից՝ թերևս փորձ աջակցություն ստանալու բանակում:
Քոչարյանը հայտարարել է, թե ոչ մի տեղ չի փախչի և պատրաստ է հայտնվել բանտում, բայց անգամ այնտեղից պայքարելու է ճշմարտության համար: Անկասկած է, որ երկրորդ նախագահը բացարձակապես չի ընդունելու որևէ մեղադրանք: Դա միանգամայն տրամաբանական ու օրինաչափ է: Այլ հարց է, թե քննչական մարմինը որքանով համոզիչ և պրոֆեսիոնալ կլինի ապացույցների հարցում:
Մյուս կողմից, սակայն, Քոչարյանի հարցազրույցում չափազանց նկատելի էին նրա բավական նյարդային և նույնիսկ հուսահատ, ինչ-որ առումով էլ տագնապալի անակնկալով ապրումները ու նաև՝ բավական թափանցիկ սպառնալիքները, որ այդ դեպքում կբացահայտի շատ բաներ, և նույնիսկ գրքի տեսքով, որի մասին նա հայտարարել է առաջին անգամ: Քոչարյանն ասել է, թե վերջին երկու տարում գիրք էր գրում՝ ինքնակենսագրական, որում անցնող տարիների ամբողջ պատմությունն է՝ նաև խոհանոցային խոսակցությունների դրվագներով, որը շատ հետաքրքիր կլինի:
Փաստորեն, Քոչարյանը արդեն երկու տարի է՝ պատրաստվում է ինքնապաշտպանության: