29 Հունվարի, 2020
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և դատարան է ուղարկել ավելի քան 1մլն դոլարի պետական միջոցների վատնման հարցով քրեական գործը, որի դերակատարներից մեկը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազությունը հաստատել է ՀՔԾ–ի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Երևանի առաջին ատյանի դատարան», – ասաց նա։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՔԾ–ն,  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար` Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում), Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում), Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում),

Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(հանցակցություն և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում):

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

kotayk

Լրահոս