2 Մարտի, 2022
Փետրվարի 26-ին խոշոր չափի ոսկյա զարդերի հափշտակության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 18։30-ի սահմանում, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում կայանված BMW X 5 մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են ոսկյա զարդեր, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը Մասիս քաղաքի Հանրապետության և Հերացի փողոցների խաչմերուկում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմի հետևի դուռը բացել է և այնտեղից հափշտակել մոտ 650 գրամ քաշով ոսկյա զարդեր։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Մինչ ոսկու սեփականատերը, որը ոսկերչական խանութի տեր է, փորձում էր, ժողովրդի լեզվով ասած՝ «իր կանալներով գտնել» գողին կամ գողերին, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս. Ռուստամյանի որոշմամբ ստեղծվում է օպերատիվ խումբ, որում ներգրավվում են ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության և ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները։

Մարզի ոստիկանապետի հրամանով որոշվում է իրականացնել «Կողոպտիչը չպետք է հասցնի դառնալ ոսկե երիտասարդ» օպերացիան։  Տաք հետքերով ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և հսկայածավալ միջոցառումներ, կողոպուտ կատարելու կասկածանքով Մասիսի ոստիկանություն են բերման ենթարկում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Գեդամ Մ-ին։ Վերջինս լինում է Opel Astra մակնիշի ավտոմեքենայով։

Փաստերի ճնշման տակ Գեղամ Մ.-ն խոստովանում է, որ նշված ավտոմեքենայով ինքը գնացել է Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի մոտ, մեքենան կայանել ռեստորանի հետնամասում, ապա BMW X5-ի դուռը բացելու միջոցով այնտեղից հափշտակել է ոսկյա զարդերը։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հափշտակվածը գնահատվել է մոտ 12 մլն 500 հազար դրամ։

Գեղամ Մ.-ի տնից հայտնաբերվել են ոսկյա զարդերը, նա ձերբակալվել է։

kotayk

Լրահոս