18 Մայիսի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 3-ին Կոտայքի ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Վլադ Աբրոյանն ազատվեց աշխատանքից, եւ հենց նույն օրն էլ Կոտայքի ՋՕԸ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն տեղի ունեցավ։ Իսկ ամիսներ անց պետք է տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ տեղի ունենա:

Մասնակիցները երեքն են եղել, սակայն հիմնական մրցակցությունը եղել է Կամարիս համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանի եւ Էրիկ Պապյանի միջեւ, ով մինչ այդ

«Յուքոմ» ընկերության տեղամասերից մեկում տնօրեն է աշխատել: Մեր տեղեկություններով՝ ընտրությունն անցել է լարված մթնոլորտում, ողջ ընտրության ընթացքում նախկին մարզպետ, այժմ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, փորձել է անցկացնել իր ընկերոջը՝ Էրիկին: Եվ փորձել է ազդել վարչական խորհրդի անդամների վրա, սակայն չի ստացվել: Ընտրության արդյունքներով՝ Գոռ Հակոբյանը ստացել է 8, Էրիկ Պապյանը՝ ընդամենը 2 ձայն:

Սակայն պարտված կողմը եւ անձամբ Ռուբեն Պետրոսյանը չեն հանդարտվել, ՔՊ-ական վարչական խորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանին հրահանգել են Գոռ Հակոբյանի հետ աշխատանքային պայմանագիր չստորագրել, եւ Էրիկ Պապյանի հետ միասին որոշել են բողոքարկել ընտրության արդյունքները: Մեզ հետ զրույցում Հակոբյանն ասաց. «Աշխատանքային պայմանագիր պետք է կապենք, սպասում եմ դրան: Վարչխորհրդի նախագահը պայմանագիրը չի ստորագրում: Վարչխորհրդի անդամներից 10-ը լիազորել են նախագահին, որ կարողանամ պայմանագիր կապել, օրենքը դա թույլ է տալիս, իր ստորագրությունն այդ դեպքում էլ պետք չէ»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է պատճառաբանում, որ չի ստորագրում։ «Իրավաչափ չէ այն մասով, որ ժամանակավոր պաշտոնակատարին վարչխորհուրդը չի կարող ընտրել, բայց նաեւ օրենքը դա չի էլ արգելում: Ունենք 2 նախադեպ, նշանակվում է ժամանակավորապես պաշտոնակատար, 6 ամսվա ընթացքում կազմակերպվում է մրցույթ, որից հետո ընտրվում է տնօրեն»:

Ճի՞շտ է, որ ընտրությանը մասնակցում էր նաեւ Ռոմանոսի եղբոր ընկերը, եւ միջամտում էին, որ ընտրությանն այդ ընկերը հաղթի։ «Պարզ էր, որ իրենց թեկնածուն Պապյան Էրիկն էր»:

ՔՊ-ական վարչական խորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրությունից առաջ ուսումնասիրվել են փաստաթղթերը, իրավաբանական խնդիր է եղել, դրա պատճառով էլ Հակոբյանի հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվել:

– Ի՞նչ խնդիր է առաջացել, կբացատրե՞ք:

– Վարչխորհրդին կոնկրետ ժամանակավորապես պաշտոնակատար նշանակելու լիազորություն տրված չէ, եւ այդ ինստիտուտը կոնկրետ բացակայում է կանոնադրության մեջ:

– Իսկ ո՞ւմ է տրված:

– Հիմնադիր ժողովին է տրված այդ լիազորությունը:

– Ովքե՞ր են հիմնադիր ժողովի կազմում ընդգրկված:

– Հիմնադիր ժողովի մեջ մտնում են ջրօգտագործողները: Ընկերության ներկայացուցիչների կողմից ընտրվում են վարչխորհրդի անդամներ, այնուհետեւ վարչխորհրդի անդամներն ընտրում են վարչխորհրդի նախագահ: Օրենքով սահմանվում է, որ վարչխորհուրդը լիազորություն ունի մրցութային կարգով աշխատանքի ընդունել տնօրենին եւ գլխավոր հաշվապահին եւ աշխատանքից ազատել, բայց ԺՊ-ի մասով լիազորություն չունի:

– Օրենքի ո՞ր հոդվածն է դա սահմանում, կասե՞ք:

– Քանի որ ինքս իրավաբան չեմ, հարցում եմ արել արդարադատության նախարարություն եւ ստացել եմ հետեւյալ պատասխանը՝ իրավակարգավորությամբ տրված չէ այդ լիազորությունը վարչական խորհրդին` ԺՊ նշանակելու համար, այլ տրված է միայն հիմնադիր ժողովին:

– Մայիսի 3-ին Վլադ Աբրոյանն ազատվել է աշխատանքից, ապա մի քանի օրից կրկին վերադարձել է աշխատանքի` ի՞նչ հիմքով:

– Քանի որ 3-ին եղել է դիմում-բողոք, եւ չեմ ստորագրել արձանագրության տակ, որպեսզի հասկանամ՝ որն է խնդիրը: Վարչխորհրդի 10 անդամները դիմում-բողոք են գրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որ Կոտայքի ՋՕԸ-ի տնօրեն Վլադ Աբրոյանը եւ վարչխորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանը դեմ են գնում կառավարությանը եւ վարչական ապարատին՝ խնդիրը տանելով քաղաքական դաշտ, իսկ մենք ուզում ենք, որ ամեն բան օրենքով լուծվի:

Չստորագրելու դեպքում Աշխատանքային օրենսգիրքն ասում է, որ 7 օրվա ընթացքում եթե պատշաճ ծանուցում չի լինում, գործող տնօրենի հետ պայմանագիրը չի խզվում, հետեւաբար, ավտոմատ մնում է ուժի մեջ:

ՀԳ․ Հավելենք, որ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը Կոտայքի ՋՕԸ-ի տնօրենի տեղակալն էր եւ մայիսի 3-ին Աբրոյանի հետ ազատվել է պաշտոնից ու նշանակվել ՋՕԸ-ի վերահսկողության պետի տեղակալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

kotayk

Լրահոս