3 Սեպտեմբերի, 2017

Որոշ ակադեմիկոսներ վերջերս սկսել են տակառներ գլորել վարչապետի վրա նրա համար, որ նա պատրաստվում է նվազեցնել գիտության ֆինանսավորումը (կարծես իրենք չեն հասկանում, որ երկրի վարչապետը չի կարող ինքնագլուխ դիմել այդպիսի քայլի առանց նախագահի գիտության): Բայց նրանց խղճին թողնենք քաղաքական խարդավանքները հօգուտ նախագահի և ընդդեմ վարչապետի:

Իսկ ես կհայտնեմ հետևյալը: Ամոթ է, պարոնայք ակադեմիկոսներ, շատ ամոթալի է չգիտակցել, որ նախքան գիտության ֆինանսավորման աճ պահանջելը, պետք է խնդրել երկրի ղեկավարությունից՝ արդար և խելամիտ կարգ սահմանել գիտության մեջ: Պետք է հասկանալ, թե ու՞մ և ինչի՞ համար է փող տրվում գիտության մեջ: Հարկ է նախ և առաջ վերացնել ակադեմիական մաֆիան և գիտության համար անպետք ու վնասակար չինովնիկների և կոմպրադորների բանակը: Մի՞ թե չեք հասկանում, որ ցանկացած ֆինանսավորում վատնվելու է մաֆիոզների, վնասարարների և կոմպրադորների ձեռքով: Մի՞ թե չեք հասկանում, որ խելամիտ և պետականորեն մտածող ամեն ոք կարող է խոսել ֆինանսավորման ավելացման մասին միայն գիտության մեջ օրինավոր կարգ սահմանելուց հետո:
Մեր բարձրացրած հարցը բախտորոշ նշանակություն ունի հայ էթնոսի համար, և այն պետք է սրել, քանի դեռ երկրում տիրում է գիտության ղեկավարման հրեշավոր համակարգ, և իշխանությունները նույնիսկ ցանկություն չունեն ինչ-որ կերպ շտկելու իրավիճակը:
Այժմ այն մասին, թե ինչպես արագ շտկել գիտության մեջ տիրող կացությունը:
Հայաստանում յուրաքանչյուր գիտաշխատողի ենթադրվում է հատկացնել ամսական 650 դոլար, որն այնքան էլ վատ չէ, եթե հաշվի առնենք, որ իրականում գիտաշխատողը առձեռն ստանում է 200 դոլար: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես են դա տնօրինում պաշտոնատար անձինք:
1. Այն ինչ կատարում են մեզ մոտ Ակադեմիայի նախագահությունը, ակադեմիկոսների կաճառը և Գիտության պետական կոմիտեն, կարող էին անել մի քանի պաշտոնյա և քարտուղարուհի, ինչպես Հունաստանում, որտեղ գիտությունն ավելի ծավալուն է, քան Հայաստանում: Նրանց գործունեությունը ոչ միայն հարկավոր չէ գիտությանը, այլև ծայրաստիճան վտանգավոր է: Բանն այն է, որ անպիտան պաշտոնյան կազմալուծում է համակարգը, ստեղծում չարչիության, խարդախության և անարդարության մթնոլորտ, ինչը կործանարար ազդեցություն է թողնում շրջապատի վրա:
2. Ակադեմիկոսների և չինովնիկների մեծ մասը իրենց ողջ գործունեության ընթացքում արտադրել են միայն «գիտական մակուլատուրա»
:
3. Բոլոր ակադեմիկոսները ցկյանս ունեն ոչնչով չարդարացված հավելավճարներ (աբսուրդ), ցկյանս ընտրելու իրավունք (աբսուրդ) և ցկյանս Ակադեմիան ղեկավարելու իրավունք (աբսուրդ). կարդացե՛ք Ակադեմիայի կանոնադրությունը և ինքներդ կհամոզվեք:
Քայլ 1. Հարկ է վերացնել երկու կառույցները՝ ակադեմիկոսների կաճառը և Գիտության կոմիտեն, վերացնել ակադեմիական հավելավճարները և խնայված գումարները ուղղել գիտությանը:
4. Գոյություն ունի տարբեր օֆիսներում նստած և «գիտությանը ծառայելու» համար գումարներ ստացող չինովնիկների մի ամբողջ բանակ: Նրանց գործունեությունը բոլորովին անիմաստ է:5. Գոյություն ունի հսկայական կայք և ունեցվածք և դրանց սպասարկում, ստեղծված՝ իշխող պաշտոնակազմի «կոմֆորտի» համար:
6. Գոյություն ունի լայն օժանդակ անձնակազմ (քարտուղարուհիներ և ցածր դասի սպասարկուներ)՝ ստեղծված միմիայն վերադաս պաշտոնների վարկանիշի և հարմարավետության համար:
Քայլ 2. Հարկավոր է վերացնել գիտության համար բոլոր ավելորդ պաշտոնները:Այս երկու քայլերի արդյունքում հնարավորություն կունենանք կրկնակի չափով բարձրացնելու գիտության համար իսկապես տքնող գիտաշխատողների աշխատավարձը: Այսպիսով միջոցներ կստեղծվեն գիտության համար:
Այժմ գլխավորի՝ օրինավոր, «արդար» համակարգ սահմանելու մասին:
Դա նշանակում է՝ ի հայտ բերել հաջողակ աշխատող գիտնականներին և վստահել նրանց գիտության զարգացումն ու գիտական միջավայրի ձևավորումը:
Այստեղ հարկ է սկսել հետևյալից: Գիտնականները բաժանվում են զանազան կարգերի – կան գիտնականներ, որոնք ունեն քիչ թվով հրապարակումներ՝ առանց նկատելի արդյունքների և կան հեղինակներ՝ հարյուրի հասնող աշխատանքներով, սակայն առանց շոշափելի արդյունքների (դրանց գլխաքանակը աշխարհում միլիոնների է հասնում): Դրանք էլիտար գիտնականներ չեն և նրանց գործերը հենց սկզբից նախատեսված են «գզրոցների» համար:
Դեռևս կան էլիտար գիտնականներ: Ֆունդամենտալ գիտություններում դրանք մեթոդներ և ուղղություններ ստեղծողներն են (դրանց թիվը աշխարհում ընդամենը տասնյակ հազարների է հասնում), իսկ թեորիաների գծով՝ հազարների: Վերջապես կան դասական թեորիաների հեղինակներ (նրանք քիչ են):
Խիստ անհրաժեշտ է հետևյալը: Ժամանակակից փչացած աշխարհում որոշ տեսակի մարդկանց թույլատրված է ստել, և նրանք ճարպկորեն օգտվում են դրանից՝ ինչպես օրինակ Ակադեմիայի ընտրությունների ժամանակ: Այդ պատճառով էլ ուղղությունների և թեորիաների գծով ձեռք բերված տվյալները պետք է ապրոբացիայի ենթարկել, այսինքն՝ փորձարկել տարբեր տեղերում: Պետք է տվյալները վերցնել գիտական տեղեկատվության պատկառելի, պաշտոնական, ոչ լոբբիական աղբյուրներից: Միայն այդպիսի տվյալները կարելի է համարել հավաստի և միայն այդպիսի տվյալներն են պիտանի հետագա լուրջ քննարկման համար: 
Ինչ վերաբերում է կիրառական գիտություններին և փորձարարական հետազոտություններին, այդկերպ են բացահայտվում այն գիտնականները, ովքեր ունեն պաշտոնապես հաստատված, ոչ լոբբիական վկայականներ: Քանի որ այդպիսի գործերը կատարվում են կոլեկտիվների անվան տակ, շատ կարևոր է ներգրավել այդ գործում որոշակի փորձ ունեցող գիտնականների – գործնականում տեսնում ենք, թե ինչպես են բոլոր նվաճումները վերագրվում տնօրեններին և այլ պաշտոնավորների:   Ասվածի լույսի տակ, առաջնահերթ խնդիր է էլիտար գիտնականների բացահայտումը: Փաստորեն մենք արդեն տվել ենք դրա սխեման:
Ձևակերպենք այդ սխեման որպես
Քայլ 3. (անցում արդարացի, գիտության վրա հենվող համակարգի): Հարկ է ներգրավել այնպիսի գիտնականների, ովքեր արդեն ստուգված տվյալներ ունեն – այդպիսի գիտնականները սակավաթիվ են և հեշտությամբ ի հայտ կգան:Այնուհետև ակնհայտ է՝ կհաջորդի
Քայլ 4(սահմանել արդարացի աստիճանակարգում): Այսկերպ բացահայտված գիտնականներին կարելի է վստահել գիտական ստորաբաժանումների, գիտական միջավայրի ձևավորումը և ֆինանսների բաշխումը: Կասկածից վեր է, որ այդ գիտնականները առավել ազնիվ կգտնվեն և կգործեն ինչպես հարկն է (ի տարբերություն պալատական չինովնիկների, ովքեր թաղված են խարդավանքների մեջ):
 Այստեղ հարկ է ավելացնել նաև, որ այդպիսի անցումը կնպաստի գիտական միջավայրում հարաբերությունների լուրջ առողջացմանը: Երիտասարդությունը կտեսնի, որ երկրում գնահատվում է գիտությունը և այժմ յուրաքանչյուրի հաջողությունը կախված է իր ավանդից: Իսկ  խարդավանողներն ու հովանավորվողները պետք է գրավեն այն տեղը, որին արժանի են: Այս ամենը չափազանց անհրաժեշտ է գիտությանը:
Այստեղ կարելի է կանգ առնել, քանի որ հիմնական առաջարկը արդեն հակիրճ ներկայացված է: Գիտության վերակառուցման մասին ավելի մանրամասն տե՛ս «Новая система обустройства науки: экспертиза, инвентаризация, иерархия ученых, структура», http://www.lragir.am/index/rus/0/interview/view/51656
Ծանուցում: Հարկավոր է ամեն ինչում սկզբունք ընդունել «արդար համակարգը», չշեղվել դրանից, այլապես մտածելակերպի իներցիան և մարդկանց հարաբերությունները կբերեն բացասական հետևանքների: Օրինակ վերջերս փորձ արվեց Երևանի պետական համալսարանում ստեղծել ինչ-որ գիտական կենտրոն, հատուկ չեմ մանրամասնում, որպեսզի ոչ մեկի չվիրավորեմ: Երկար և անպտուղ քննարկումներից հետո կազմեցին մի կենտրոն հետևյալ սկզբունքով՝ ով ինչ ունի – այդ վիճակում էլ պետք է մնա: Նույնիսկ այն մասնագետները, ովքեր ակնհայտ առավելություններ ունեին և կարող էին լուրջ ներդրում ունենալ կենտրոնի գործունեության մեջ, առաջ չգնացին նոր կենտրոնի աստիճանակարգում: Ինչպե՞ս կարելի է գիտությունն առաջ մղել այդպիսի վերաբերմունքով:
Թե ինչքան ենք մենք շեղվել գիտության բանական չափանիշներից, ցույց կտամ որոշ մեկնաբանումներով:
Մեկնաբանություն 1. Արդյո՞ք վերը բերված բնական տարբերակումը հաշվի է առնվում Ակադեմիայում և Գիտության կոմիտեում: Հաշվի առնվու՞մ է արդյոք այդ բոլորը Ակադեմիայի նախագահությունում և Պետական կոմիտեում Գրանտների բաշխման և պաշտոնների շնորհման ժամանակ: Այստեղ Ակադեմիայի և Գիտության պետական կոմիտեի վերաբերմունքը համանման է – իրականում ակադեմիկոսները գիտնական են ճանաչում և խրախուսում նրան, ում ցանկանում են, նույն ձևով էլ Կոմիտեն է խրախուսում և Գրանտ տալիս նրան, ում ցանկանում է:  Բերեմ «անօրինության» օրինակ: Մասնագետներից մեկին Հայաստանի պետական կոմիտեն հրաժարվեց Գրանտ շնորհել: Նույն առաջարկության համար, ավելի ուշ, Եվրոպայի գիտական խորհուրդը հայ մասնագետին շնորհեց Միջազգային մրցանակ, այն մրցույթում, որին մասնակցում էր աշխարհի հարյուր առաջնակարգ մասնագետ: Ասվածը կարող եմ փաստաթղթերով հաստատել:
Մեկնաբանություն 2. Ցավոք, Ակադեմիայի և Կոմիտեի համար ընդունված չէ գեթ ինչ-որ ձևով հիմնավորել իրենց գործելակերպը: Այստեղ ի հայտ են գալիս տարբերություններ: Ակադեմիան համատարած հիմնվում է միջնորդավորված տեղեկությունների վրա: Այժմ հարց երկրի նախագահին և վարչապետին – ձեզ հետաքրքիր չէ՞, թե ովքեր են նստած Ակադեմիայի նախագահությունում: Փորձեք ամբողջ նախագահությունից ստանալ գեթ մի վկայական, թե ինչ գիտնականներ են իրենք, պայմանով, որ այդ վկայականը լինի ոչ լոբբիական և ոչ հովանավորված, ինչպես ասվեց վերը:
Մեկնաբանություն 3. Իսկ ինչպես է վարվում Գիտության կոմիտեն: Եթե ակադեմիկոսները ստում են և մաֆիոզ խմբեր կազմում, որպեսզի օգտվեն ներկայիս դեֆեկտավոր կառույցի կոմֆորտից, ապա Կոմիտեն ավելի վատթար է վարվում՝ ակտիվորեն ներմուծելով արտերկրից Հայաստանի և նման երկրների գիտության կործանման զանազան սխեմաներ: Կոմիտեն, իրականում, ըստ իր քմահաճույքի է շնորհում մրցանակները, իբր հաշվի առնելով «վարկանիշային ինդեքսները»: Իսկ դա նշանակում է հաշվի առնել ոչ թե հրապարակված նյութի գիտական արժեքը, այլ հոդվածների քանակը: Եթե ուզում ես Կոմիտեից ստանալ մրցանակ (գումար), ապա ներկայացրու համապատասխան քանակներ:
Հիմա պատկերացրեք, որ դուք ստեղծել եք եզակի գիտական արտադրանք, որն ունի մեծ տեխնոլոգիական կամ ռազմական նշանակություն: Ձեզ անհրաժեշտ է փող, չէ որ դուք էլ ուտելու կարիք ունեք: Այնպես որ, ուզած թե չուզած, ստիպված եք ձեր արտադրանքը ուղարկել մի «հեղինակավոր» ամսագրի և ստիպված եք մրցավազքի մեջ մտնել ինդեքսների համար, այլապես Կոմիտեն ձեզ փայ չի տա: Իսկ դա հենց այն է, ինչը դուք չպետք է անեք, քանի որ հրաշալի գիտեք, որ ձեր արտադրանքը հրապարակելուց հետո, դուք այլևս դրա տերը չեք: Ուզած մեկը կարող է մի չնչին բան ավելացնել և ձեր բոլոր գաղափարները ներառել իր պատենտի մեջ և այնուհետև դուք կամ ձեր երկիրը ստիպված կլինեք վճարել ձեր իսկ գաղափարները կիրառելու համար: Այսինքն, կորցնում եք դուք, կորցնում է Հայաստանը: Բայց Կոմիտեն պարտադրում է իր կանոնները:
Սույնով մենք ցույց տվեցինք Կոմիտեի անթույլատրելի «ձեռնածությունը» կիրառական բնույթի գիտական աշխատանքի օրինակով: Այժմ վերլուծենք, թե ի՞նչի է հանգեցնում այդ «ձեռնածությունը» ֆունդամենտալ գիտական աշխատանքի դեպքում: Պետք է գոնե մի քիչ պատկերացում ունենալ իսկական գիտության մասին: Ինչի՞ կարող է հանգեցնել Կոմիտեի պահանջը «վարկանիշային հրապարակումների քանակի և քաղվածների թվի» վերաբերյալ ֆունդամենտալ գիտության մեջ: Դա կբերի նրան, որ (1) դուք չպետք է ստեղծեք նոր թեորիաներ, այլ պետք հարմարվեք հեղինակավոր ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամներին և հաճոյանալ նրանց կամքին, (2) դուք պետք է զբաղվեք «հեշտ գիտությամբ», որպեսզի ավելացնեք ձեր միավորները: Դժվարին և լրջմիտ խնդիրներով զբաղվելիս անհնար է ավելացնել այդ միավորները – աշխատանքը շատ է, իսկ հրապարակումները՝ սակավ, ընդսմին նման լուրջ հրապարակումները խանդով են ընդունվում այլոց կողմից:
Այս կետի վերաբերյալ ես կարող եմ բերել շատ ականավոր գիտնականների կարծիքներ, ովքեր խոր ցավով են խոսում գիտության վրա տխրահռչակ «քաղվածների» ինդեքսների կործանարար ազդեցության մասին:
Վերջապես պետք է պարզել, թե ու՞մ շահերն է սպասարկում ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն:
Եզրակացություն: Այլ ելք չկա – պետք է վերանայել նախկինում ստեղծված բոլոր մաֆիոզ կառույցները, պետք է վերացնել ակադեմիկոսների անհեթեթ արտոնությունները, պետք է վերացնել անպետք և կողոպտիչ գրասենյակները (Կոմիտե), պետք է գիտակցել Կոմիտեի ձեռնարկումների կործանարար հետևանքները և վերջ տալ այդ բոլորին: Հարկավոր է ազնվորեն վերլուծել գիտության վիճակը և վերակառուցել գիտությունը՝ գիտական արդարացի սխեմաների հիման վրա, ինչ որ նկարագրվեց վերևում: Համոզված եմ, որ այդ դեպքում գիտությունը կաշխատի և մեծ արդյունքներ կտա:
Եզրափակիչ առաջարկ նախագահին և վարչապետին: Եթե իմ առաջարկների մեջ ինչ-որ բան ձեզ պարզ չէ կամ ձեր շրջապատում որևէ մեկը բացասական կարծիք կհայտնի իմ առաջարկած «գիտության արդարացի համակարգի» վերաբերյալ, կազմակերպեք հանրային քննարկումներ, թող գան «հեղինակավոր գիտակներ» և փորձեն վիճարկել տվյալ առաջարկի որևէ կետը:
Գրիգոր Բարսեղյան
  (Խմբագրության խնդրանքով հոդվածը ռուսերենից թարգմանել է դ-ր Ալբերտ Մուշեղյանը
kotayk

Լրահոս