2 Հոկտեմբերի, 2017

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, մարզի դատարանի դատավորի, մարզի դատախազի, փաստաբան Էդվարդ Չինարյանի և մյուսների վերաբերյալ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմադրվագ գործով երրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել:

Սեպտեմբերի 27-ին գործը մակագրվել է դատավոր Յուրիկ Իսկոյանին, սակայն վերջինս՝ ինչպես նախորդ երկու դատավորները ևս ինքնաբացարկ է հայտնել:

Գեղարքունիք մարզի դատարանի նախագահի և մյուսների գործով երկրորդ դատավորը ևս ինքնաբացարկ է հայտնել

Դատավոր Իսկոյանը գործն իրեն մակագրվելուց հետո ծանոթացել է նյութերին և հայտնել, որ Վանիկ Վարդանյանի հետ 2008 թվականից աշխատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարտունու նստավայրում և եղել ենք ամենօրյա շփումների մեջ:

Աղվան Պետրոսյանի հետ 2005 թվականից մինչև 2008 թվականը աշխատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարտունու նստավայրում, որից հետո 2008 թվականին Աղվան Պետրոսյանին նշանակել են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Վերջինիս հետ նույնպես գտնվել ենք մտերիմ հարաբերությունների մեջ: Մտերիմ ենք եղել նաև ընտանիքներով:

Այսպիսով, գործը մակագրվել է չորրորդ դատավորին՝ Մնացական Հարությունյանին:

Հիշեցնենք, որ քրեական գործը սեպտեմբերի 12-ին մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, սակայն սեպտեմբերի 22-ին Մելիքյանը ինքնաբացարկ է հայտնել՝ հիմքում դնելով այն, որ գործով մեղադրյալ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն իր մտերիմ ընկերն է, նրան ճանաչում է վաղուց:

Ծանոթացել են 1990 թվականին ԵՊՀ-ի ընդունելության քննությունների ժամանակ, ապա 1996-1997 թվականներին աշխատել են Երևան քաղաքի Շենգավիթի ՆՎՇՏ-ի դատարանում: 2004 թվականից էլ միասին աշխատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Ուստիև Վահագն Մելիքյանը գտել է, որ տվյալ պարագայում առկա է, ինքնաբացարկ հայտնելու հիմք, մասնավորապես վերը նշված փաստական տվյալները կարող են կողմերի և անաչար դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել գործով իր անկողմնակալության մեջ:

Ինքնաբացարկ հայտնելու օրը գործը մակագրվել է մեկ այլ դատավորի՝ Վարդան Հարությունյանին, սակայն գործը սեպտեմբերի 26-ին իր վարույթ ընդունելուց հետո նա ևս ինքնաբացարկ է հայտնել՝ որպես հիմք նշելով, որ գործով մեղադրյալներ Աղվան Պետրոսյանի և Վանիկ Վարդանյանի հետ գտնվում է մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ:

Այդ ամենից հետո էլ գործը մակագրվել էր դատավոր Իսկոյանն, ով ևս ինքնաբացարկ է հայտնել:

Շուտով մեկ ամիս կլինի ինչը գործը մուտք է եղել դատարան, սակայն մինչ այս միակ գործողությունը որը կատարվել է դատավորների կողմից ինքնաբացարկներ հայտնել է, թե ի վերջո ով կքննի գործը դեռևս հայտնի չէ, քանի որ չի բացառվում, որ չորրորդ դատավորը ևս ինքնաբացարկ հայտնի:

Լուսանկարում՝ դատավոր Յուրիկ Իսկոյանը

Աղբյուր` Փաստինֆո

 

kotayk

Լրահոս