30 Հունվարի, 2018

Հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն և ազգականին առևանգողները ձերբակալվել են Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինայի Սումիի մարզում, հայտնում է fakty.ua-ն:

«Երկու եղբայրներին՝ Հայաստանի քաղաքացիներին, առևանգել էին Ուկրաինայի մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասում՝ անցորդների աչքի առաջ, և պահում էին Սոֆիևսկայա Բորշչագովկայում գտնվող տանը 70 օր շարունակ: Նրանց ազատ արձակման համար առևանգողները Հայաստանում հայտնի գործարարից՝ առևանգվածներից մեկի հորից, պահանջում էին փրկագին: Գումարը փոքր չէր՝ 5 միլիոն դոլար բիթքոինով»,- ասել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն:
Իրավապահներին հաջողվել է դուրս գալ 41-ամյա կասկածյալի և նրա 22-ամյա ընկերուհու հետքի վրա այն բանի շնորհիվ, երբ առևանգվածներից մեկը կարողացել է ազատվել շղթաներից, կոտրել պատուհանը և երկրորդ հարկից ցատկելով փախչել ու ոստիկանություն կանչել:
Երկու առևանգողներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Ռուսաստանի տարածք: Նրանք կալանավորվել են:
Հաղորդվում է, որ կասկածյալները չեն ընդունել իրենց մեղքը, սակայն նրանց մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում տեղեկություններ են եղել այլ ազդեցիկ և հարուստ մարդկանց մասին: Նրանք հավանաբար պատրաստվում էին նոր առևանգումներ իրականացնել, հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Եղբայրները պատմել են, որ իրենց 70 օր պահել են շղթայված, իսկ հանցագործների դեմքերը ծածկված են եղել, որպեսզի եղբայրները չտեսնեն նրանց դեմքերը: Նրանց հետ, սակայն, լավ են վարվել և պարբերաբար կերակրել են:

Ինչպես լրատվամիջոցին հայտնել են ոստիկանությունից, այժմ փնտրվում են հանցախմբի այլ անդամներ, որոնք կարող են ներգրավված լինել առևանգմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում առևանգվել է գործարար Սերգեյ Մանուկյանի որդին: Հունվարի 21-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտնել է, որ Հայաստանի առևանգված քաղաքացիներն ազատության մեջ են:

 

kotayk

Լրահոս