28 Նոյեմբերի, 2016

Մեկ- մեկ մտքովս անցնում է՝ տեսնե՞ս ինչու աշխատանքից ազատեցին մեր շատ պաշտոնյաների:

Սկզբից վատ բաներ էր անցնում գլխովս՝ ինչք ու պինչք ձեռներից առան ու թողեցին կոտրած տաշտակի առաջ: Ոնց որ մինչև պաշտոնի ընդունվելն էին եղել: Հազիվհազ հարստացել, քչից շատից միլոններ էին կուտակել, մի քանի տեղ ապարանքներ կառուցել, արտասահմաններում մի երկու հյուրանոց, հիվանդանոց, ռեստորան «իրար գցել» ու նման մանր բաներ:

Բայց հետո, երբ այս ու այն գողտրիկ անկյունից մեր նախկին պաշտոնյաների տաք ձենը լսեցի, հանգստացա՝ ուրեմն կան, գոյատևում են ու ամենակարևորը՝ նրանց ոգին չի կոտրվել՝ կրկին պայքարելու, հաղթելու և նախկին պաշտոնին վերադառնալու համար:

Ահավասիկ տաք անկյունից մի պարարտ ձայն, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է.

«Հանգստանում եմ: Տաս տարի աշխատելուց հետո, բավականին լուրջ ու ծանր աշխատանքից հետո հանգստանում եմ:

…Ձեզ ասեմ՝ վայելում եմ կյանքս, որովհետև ես չգիտեի, որ կյանքում կարելի է նաև հանգստանալ: Ես առավոտը շուտ վեր էի կենում և մինչև ուշ երեկո աշխատում էի: Հիմա ամբողջությամբ վայելում եմ կյանքս»: NewsBook

Անկեղծ խոստովանած, լավ բան է նկատվում: Նախկինները հանգստանալուց հետո կրկին որոշել են ետ դառնալ.

«Առայժմ կհանգստանամ, հետո կտեսնենք: Ես կարծում եմ՝ մոտակա ժամանակները որոշակի փոփոխություն է լինելու: Արդեն ես հայտարարություն կանեմ, բոլորդ կիմանաք »: Նույն խոստումը տվել է նաև hraparak.am-ին, ասելով, որ պատրաստվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել ռեյտինգային ցուցակով: 

Ուռռա՜,- յուրաքանչյուրդ կգոռայիք: Ամենակարևորը, Միհրանն ասում է՝ «Լավ է լինելու, բոլորս լավ ենք ապրելու »:

Այ մարդ, կարևորն այն է՝ դու լավ լինես, « ձեռդ ընկած փողը քոռուփուչ չանես, հազար ու մի պակասություն ունես», մինչև նորից պաշտոնի գաս:

Ձեռի վրա էլ խնդրում ենք, որ մեր նախկին բոլոր պաշտոնյաներին հուսադրես՝ մինչև նոր պաշտոնի գան: Ամեն ինչ կորած չի:

 Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս