14 Փետրվարի, 2017

«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր, ներկայումս Աբովյան ՔԿՀ-ում կալանված Անի Հովհաննիսյանը մի բաց նամակ է տարածել` հասցեագրված ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող քաղաքական դաշինքներին և կուսակցություններին: Վերջինս իր նամակում խոսում է այն մասին, որ արդեն 8 ամիս ընթանում են իր նկատմամբ «ՎՏԲ» բանկի պատվերով և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից սարքված քաղաքական հետապնդումները։ Այնուհետև Հովհաննիսյանը պնդում է, որ ի վերջո դատաքննությունը միանշանակ ավարտվելու է իր արդարացումով, իսկ հետո խոստանում է, որ Տիգրան Ուրիխանյանն անպայման ենթարկվելու է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնություն) հատկանիշներով արարք կատարելու համար։

Իրավական դաշտի արդարությունն ու անարդարությունը թողնենք այդ ոլորտի պատասխանատուների խղճին և նրանց որոշումներին: Ժամանակը ցույց կտա, թե այս գործն ինչ հանգուցալուծումներ կունենա: Ի վերջո, ներկա կացության պայմաններում Անի Հովհաննիսյանը կարող է խիստ սուբյեկտիվ տեսակետներ շարադրել: Սակայն կան մտքեր, որոնք իրավական հարթության վրա չեն և այս դեպքում դժվար է չհամաձայնել «Անալիտիկ»-ի խմբագրի դիտարկումների հետ, առավել ևս, որ ճշմարտությունը ճշմարտություն է մնում նաև ճաղերի հետևում:
Նա, մասնավորապես գրում է. «Ի վերջո ճաշակի հարց է ցուցակում ունենալ պատգամավորի այնպիսի թեկնածու, ում գործունեության և գոյության միակ նպատակը մի քանի մանեթի դիմաց լրագրող կանանց գլխին սարքելն է: Կարծում եմ՝ նորմալ մարդիկ կհրաժարվեն նույն ցուցակում լինել մեկի հետ, ով մասնագիտացել է մարդկանց գլխին գործ սարքելու և սուտ հաղորդումներ տալու գործում, քանզի նման մարդը համապատասխան պատվերի դեպքում ընդունակ է իր թիմակիցների գլխին նույնպես կեղծ գործ սարքել»։
Անի Հովհաննիսյանի արդարացի դիտարկմանը կարող ենք հավելել Ուրիխանյանի քաջագործությունների մի ընդարձակ ցանկ, որոնցից յուրաքանչյուրի համար նրա ֆիզիկական ներկայությունն արդեն վիրավորական ու վարկաբեկիչ կլիներ ցանկացած միջավայրում, իսկ քաղաքական կուսակցության կամ դաշինքի համար` առավել ևս: Մյուս կողմից, Հովհաննիսյանը դիպուկ կերպով նկատում է, որ արդեն 9 ամիս սպասում ենք Տիգրան Ուրիխանյանի բացահայտումներին՝ խմբագրին հովանավորող բարձրաստիճան պաշտոնյաների, փեսաների և այլոց հետ կապված, որոնք իբրև պիտի «ցնցեին» հայ հանրությանը: Սակայն դրանք չկան ու երբևէ չեն էլ լինի, քանի որ Տիգրան Ուրիխանյանի նկարագրի ամենավառ դրսևորումներից մեկը միշտ էլ եղել է կեղծիքը որպես էժանագին գովազդի ձև օգտագործելու հնարանքը: Այնպես որ, մեղավորի ու անմեղի սահմանազատումը միշտ չէ, որ կատարում են կալանավայրի ճաղերը: Եվ հետո, կյանքն այնքան հարաբերական ու փոփոխական է: Ի՞նչ իմանաս, թե վաղը ով որտեղ կլինի:

Shame.am

 

kotayk

Լրահոս