1 Մարտի, 2017

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ ոստիկանության Մասիս բաժնում Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, թե որովայնի շրջանում վնասվածքներով երիտասարդ է տեղափոխվել կենտրոն։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ դանակահարվածն իրենց թիմակիցն է՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղից։

«Այս պահին մանրամասները ճշտում ենք Մասիսի կառույցի պատասխանատու Տիգրան Ստեփանյանի հետ», – ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա տեղեկացրել է, որ այս երիտասարդը ներքին արյունահոսություն է ստացել, այս պահին վիրահատվում է Էրեբունի կլինիկակական հիվանդանոցում։

««Ծառուկյան» դաշինքը քանիցս ասել է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի ընտրապայքարը մնա քաղաքական հարթության մեջ։ Ցավոք, նշյալ մարզի տարբեր թափթփուկներ, ովքեր հանձնառություն են ստանձել իրենց կուսակցության համար թեկուզ այլոց կյանքի գնով ապահովել քվեներ, որևէ ժամանակ կանգ չեն առել ոչնչի առջև, և այսօր էլ կանգ չեն առնելու ոչնչի առջև», – ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա հույս է հայտնել, որ իրավապահներն արագ կարձագանքեն տեղի ունեցածին։

«Կրկնում եմ, քանի դեռ տարբեր տրամաչափի թափթփուկներ ընտրապայքարը պատկերացնում են ոչ քաղաքական դաշտում, այլ՝ միջանձնային դաշտում, և իրենց համար ցանկացած գինը, այդ թվում նաև այլոց կյանքի գինը ոչինչ չարժե մեկ քվե ավելի ստանալու համար, մենք ամեն Աստծո օր ունենալու ենք այս իրավիճակը», – ընդգծել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

kotayk

Լրահոս