27 Մարտի, 2020
 Աշխարհում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվն անցել է 550 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 24 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 128 հազար 701: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսից վարակվածների թվով մարտի 27-ի դրությամբ առաջին տեղում հայտնվել է ԱՄՆ-ը՝ շրջանցելով Չինաստանին, որտեղից էլ սկսել էր բռնկումը։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85 հազար 749-ի, մահացածներինը՝ 1304: ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը 81 հազար 340 դեպքով: Այստեղ ընդամենը վարակվածության 55 նոր դեպք է գրանցվել: Մահացածների ցուցանիշը 3 հազար 292 է:

Վարակվածության ցուցանիշով Իտալիան մոտենում է Չինաստանին: Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 80 հազար 589-ի: Մահերի թվով Իտալիան շարունակում է առաջին տեղում մնալ՝ 8 հազար 215 դեպքով:

Վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Իսպանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 64 հազար 59 է: Այստեղ անհանգստացնող է թե նոր դեպքերի, թե մահվան ցուցանիշի աճի տեմպը: Մասնավորապես, մեկ օրում գրանցվել է մահացության 769 դեպք: Ընդհանուր առմամբ մահացել է 4 հազար 858 մարդ: Երկրում վարակվածության նոր դեպքերի թիվը 6 հազար 273 է:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47 հազար 373 է: Նոր դեպքերի ի հայտ գալու տեմպը բարձր է նաև Գերմանիայում: Այստեղ գրանցվել է նոր հաստատված 3 հազար 435 դեպք:

Կորոնավիրուսի նոր հաստատված 2 հազար 926 դեպք գրանցվել է Իրանում: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 32 հազար 332 է, մահացածներինը՝ 2 հազար 378: Ֆրանսիայում վարակի հաստատված դեպքերի թիվը 29 հազար 155 է, Շվեյցարիայում՝ 11 հազար 951, Մեծ Բրիտանիայում՝ 11 658, Հարավային Կորեայում՝ 9 հազար 332:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 81 դեպք կա, Ռուսաստանում` 1036, Թուրքիայում՝ 3 հազար 629:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

kotayk

Լրահոս