24 Հունվարի, 2017

Ինչ բացահայտումներ են արել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ինչ է հայտարարագրել նա պաշտոնապես: Եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը, կարող ենք կարծել, որ, օրինակ, ԱԺ նախագահ եղած ժամանակ նա ավելի հարուստ էր, քան վարչապետ լինելուց հետո, այսինքն, պաշտոնը բարձրանում է, բայց եկամուտները նվազում են:

«Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ ունեցվածք, մանրամասն օրենքի տառին համահունչ ես ներկայացրել եմ։ Աշխատել եմ այն տարիներին, երբ հողագործությամբ եմ զբաղվել, այն ժամանակ, երբ թույլատրվում էր։ Իմ պաշտոնների ընթացքում, երբ եղել եմ կառավարությունում, Ազգային ժողովի նախագահ, չեմ վաստակել ունեցվածք, ոչ էլ կոռուպցիայի արդյունքում եմ վաստակել իմ ունեցվածքը»,- ԱԺ-ում պատասխանելով Նիկոլ Փաշինյանի քննադատությանը իր ունեցվածքի մասին՝ այսպիսի հայտարարություն էր արել այն ժամանակ դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նաեւ վստահեցրել էր՝ «Ինչ ես ունեմ՝ հայտարարագրել եմ: Ես որեւէ կոռուպցիոն սկանդալի, որեւէ պետական միջոցները չարաշահելու միջոցով հարստություն չեմ դիզել»:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ ՀՀԿ-ից դուրս է գալիս եւ դիմում է ներկայացնելու: Ակնհայտ է, որ նա ՀՀԿ-ից ձեռնունայն չի հեռանում: Եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը, կարող ենք կարծել, որ, օրինակ, ԱԺ նախագահ եղած ժամանակ նա ավելի հարուստ էր, քան վարչապետ լինելուց հետո, այսինքն, պաշտոնը բարձրանում է, բայց եկամուտները նվազում են: 2014-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել էր 3 բնակարան, 1 ավտոտնակ, 285 մլն դրամ, 2 մլն 40 հազար դոլար, մոտ 6 մլն դրամ աշխատավարձից ստացված եկամուտ եւ այլ եկամուտ՝ 40 մլն դրամ: Իսկ վարչապետի պաշտոնը թողնելուց հետո՝ 2016-ի սեպտեմբերի 28-ին նա ներկայացրել է անհամեմատ ավելի համեստ ունեցվածքի հայտարարագիր՝ նշելով, որ ավելի քան 100 մլն դրամով պակասել են իր միջոցները, ունի 160 մլն դրամ եւ ընդամենը 1.5 մլն դոլար, այսինքն՝ ավելի քան կես մլն դոլար պակաս, քան ուներ ԱԺ նախագահ եղած ժամանակ:

Իսկ թե իրականում ինչ մնաց ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանին, որքան բնակարաններ, հանգստյան տներ, գործարաններ եւ այլ օբյեկտներ՝ այս մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ եւ վկայություններ կան: Նա այս տարիների ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ, եղել է քաղաքապետ, մարզպետ, նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ նա այդ պաշտոնները զբաղեցնելով՝ իր պաշտոնական լիազորությունները չարաշահել է եւ կուտակել ունեցվածք՝ դառնալով Երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը: Փաշինյանն ԱԺ-ում հրապարակեց, թե իր ունեցած լուրերով ինչ ունեցվածքի տեր է Հովիկ Աբրահամյանը՝ փոքր կենտրոնում նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է եւ փոքր կենտրոնում սրանից բացի շուրջ 20 բնակարան ունի.

«Ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանին են պատկանում մի քանի տասնյակ բենզալցակայաններ եւ գազալցակայաններ Հայաստանի ողջ տարածքում, Արտֆուդ ընկերության 50 տոկոսը, Արարատցեմենտի 30 տոկոսը, մի քանի խաղատներ ՀՀ տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը նա, ըստ օդում կախված լուրերի, ձեռք է բերել 2007-ին՝ 7 մլն դոլարով, ունի հանգստյան տուն եւ 5 հա հող Ծաղկաձորում, Արտաշատի «Սիրիուս» գործարանի շենքը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման ծառայության շենքը, Արտաշատի գաստրոնոմի շենքը, «Արտաշատպլազա» առեւտրի կենտրոնը, Արաքս գետի ափին գտնվող 3 ավազահանքերը, 2500 հա հողատարածքներ Նարեկ, Ուրցաձոր, Քաղցրաշեն համայնքներում եւ այլն: Ըստ լուրերի, այս ողջ ունեցվածքը Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով»:

Ավելի վաղ «Հետքը» հրապարակել էր, թե Հովիկ Աբրահամյանն իր բարեկամներին ու հարազատներին ինչ պաշտոնների է հասցրել տեղավորել, որքան բաժնետոմսեր ունեն տասնյակ ընկերություններում, որքան գազալցակայաններ ու գործարաններ են ձեռք բերել:

մանրամասն՝aravot.am-ում:

 

kotayk

Լրահոս