19 Նոյեմբերի, 2021

Մասիսում ավագանու ընտրություններին առաջադրված «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուների նկատմամբ ճնշումներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը գլխավորում է դաշինքը։

«Մեր թեկնածուների նկատմամբ փորձում են ճնշումներ իրականացնել, որ քարոզարշավի չմասնակցեն, բայց, միեւնույն է, չեմ կարծում, որ դա իրենց մոտ կստացվի»,- նշել է  նա։

Հարցին, թե ճնշումների արդյունքում եղել են ավագանու թեկնածուներ, որոնք հրաժարվել են թեկնածությունից, Համբարձումյանն ասաց, որ նման 1-2 դեպք է եղել։

«Մենք ենք իրենց հորդորել, որ դուրս գան ցուցակից, որպեսզի մարդկանց ու իրենց երեխաներին գործից չհանեն»,- ընդգծել է Համբարձումյանը:

Մասիսի արդեն նախկին համայնքապետ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 14-ին։ Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մասիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սայեն Հայրապետյանը։ Սայեն Հայրապետյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն է։

Դավիթ Համբարձումյանը չի բացառել, որ հնարավոր է դա արվել է ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսներ օգտագործելու նպատակով։

«Ակնհայտ երեւում է, որ այդ գործելաոճն են ընտրել, բայց չեմ կարծում, որ հաջողություն կունենան»,- ասել է  Դավիթ Համբարձումյանը։

Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին Մասիսում կայանալիք ընտրություններում մասնակցելու են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։

kotayk

Լրահոս