Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Նա ասել է, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաեւ մայրաքաղաքում եւ Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաեւ ասել է, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։
Վարչության պետը նաեւ ասել է, որ Վ․Աբաջյանի անվան թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնում են նրանք գրանցված։ Բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարվել է ցուցակը վերցնել ու հսկողություն իրականացնել, այնպես ինչպես տնային պայմաններում բուժվողների նկատմամբ են հսկողություն իրականացնում, նույն սկզբունքով պիտի մոտենան նաեւ ծերանոցի շահառուների նկատմամբ։ Ամենօրյա տեղեկատվություն պիտի վերցնեն, ջերմաչափում, կարիքի դեպքում՝ հիվանդի զննում։