23 Մայիսի, 2018

Արարատի մարզի Այգեզարդ համայնքում հունիսի 10-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում 5 թեկնածու է գրանցվել, որոնցից մեկին՝ 38-ամյա Վահագն Սարգսյանին, առաջադրել է ԲՀԿ-ն: Գործող 18 տարվա համայնքապետը՝ Արթուր Մանուկյանը, ինքնաառաջադրվել է : Նա նախկինում ՀՀԿ-ական էր, այժմ անկուսակցական է: Ինքնաառաջադրված մյուս թեկնածուն Արամ Մանուկյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Համայնքում տիրում է լարված մթնոլորտ, քանի որ պայքարում են ոչ թե համագյուղացիները, այլ՝ ընկերները, ովքեր վաղեմի ընկերություն ունեն: Mnews.am-ի լրագրողը, Այգեզարդ համայնքում գտնվելով՝ հանդիպեց առաջադրված թեկնածուներից մեկի՝ Ազատ Ավետիսյանի հետ, ով խոսեց իր ընտրվելու դեպքում համայնքում կատարվելիք ծրագրերի և աշխատանքների մասին:

 Ազատ Ավետիսյանը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 7-ին Արարատ մարզի Այգեզարդ համայնքում: 2012 թվականից Այգեզարդ համայնքի ավագանու անդամ է և ակտիվորեն մասնակցում է գյուղի հասարակական կյանքին: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

-Պարոն Ավետիսյան ինչու՞ որոշեցիք Ձեր թեկնածությունը առաջադրել:

Կանխավ կարող եմ նշել, որ առաջնահերթություն եմ համարում մեր համայնքի բնակիչների  արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումը և ապահովումը: Կարծում եմ, եթե ունենան վստահություն և վստահեն ինձ այդ աթոռը՝ մեծ  պատասխանատվությամբ կաշխատեմ:

Իմ ընտրվելու դեպքում աշխատանքներ պետք է կատարել համայնքի բարեկարգման, խնդիրների լուծման, բնակիչների առօրյան ավելի բարեկեցիկ և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ, որն պատկերացնում եմ ստորև ներկայացված ծրագրերի իրականացմամբ.

  1. Այգեզարդ համայնքի փողոցների և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում և հիմնանորոգում, կանաչ տարածքների ավելացում:
  2. Համայնքի նոր փողոցների գազաֆիկացում:
  3. Հնարավորության սահմաններում աջակցել համայնքի բնակիչներին իրենց կողմից մշակված գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացում:
  4. Ապահովել համայնքում իրականացվող աղբահանության բնականոն աշխատանքների գործընթացները:
  5. Նոր սերնդի արևային էներգիայի համակարգի տեղադրում: Ընդլայնել արտաքին լուսավորության ցանցը՝ ապահովելով բոլոր փողոցների լուսավորությունը:
  6. Արտադպրոցական, մշակութային, արվեստի դպրոցի, մարզադահլիճի շենքային պայմանների նորոգում, մարզադաշտի (ֆուտբոլի դաշտի) հիմնանորոգում, թենիսի կորտերի հիմնում:
  7. Ազգային մշակութային տոների կազմակերպում:
  8. Երիտասարդական կենտրոնի հիմնում:
  9. Ուշադրության կենտրոնում պահել համայնքի սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, տարեցներին, ինչպես նաև հաշմանդամներին և հիվանդ երեխաներին:
  10. Կրթության, մշակութային, սպորտի բնագավառում աչքի ընկնող տաղանդաշատ երեխաների նկատմամբ ցուցաբերել աջակցություն և խրախուսել նրանց:

-Ընտրվելու դեպքում համայնքի զարգացման ծրագրերը, որքանո՞վ կկարողանաք իրականացնել: Չէ՞ որ համայնքապետի աշխատանքը շատ ծանրաբեռնված է:

Կլինեմ նոր ընտրված համայնքապետ, բայց փորձառություն որպես այդպիսին այնքանով ունեմ, որ համայնքի ավագանու անդամ եմ և երբևէ անմասն չեմ մնացել համայնքում տեղի ունեցող բարեփոխումների, իրականացվող աշխատանքների  ժամանակ, այնպես որ ինձ համար որոշ մասով անծանոթ չէ:Կարծում եմ շուտ հունի մեջ կընկնեմ և կսկսեմ աշխատել ի բորօրություն իմ համայնքի: Իմ համոզմունքն է, որ Այգեզարդի բնակիչները արժանի են լավագույն և արժանապատիվ կյանքի մեր նոր Հայաստանում: Ես հավատում եմ Այգեզարդ համայնքի համաչափ զարգացմանը և ընտրվելու դեպքում կյանքի եմ կոչելու իմ բոլոր ծրագրերը՝ ի բարօրություն մեր համագյուղացիների և հանուն մեր երազած ավելի բարեկարգ և զարգացած Այգեզարդի: Ես միշտ սիրել եմ իմ հայրենի գյուղը և համագյուղացիներին, երազել եմ այն տեսնել ավելի բարեկարգ և զարգացած:

Այսպիսի կարծրատիպ կա, երբ համայնքապետը ստանում է համայնքի բնակիչների վստահության քվեն, կարծես ընտրվելուց հետո անձեռնմխելի է դառնում և բնակչին ավելի վերևից է նայում:

Նման դեպքերում ես անընդունելի եմ համարում, ընտրված համայնքապետի վերաբերմունքը, չէ՞ որ ժողովուրդն է քեզ ընտրել, դու նրան հուսախափ չպիտի անես, դու էլ նրանցից մեկն ես: Ես կարևորում եմ համայնքի ղեկավարի և բնակիչների շփումը և համագործակցումը, որը, անշուշտ, կնպաստի բնակչության շահերից բխող որոշումներ կայացնելուն: Յուրաքանչյուր աշխատանք և ծրագիր թիմային աշխատանքի  ժամանակ, շատ ավելի բարձր ցուցանիշներ է ունենում: Գիտեք, գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես՝ մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ կձևավորվեն, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծի։

Բնակիչը պատրաստակամ սպասում է մեր ընտրությանը և կարծում եմ մասնակցության թիվը մեծ կլինի, նրանք փոփոխություն են ուզում: Ընտրվելու դեպքում կներկայացնեմ աշխատակազմին իմ գործելոճը և կադրային ջարդ չեմ անի, աշխատող մարդը պիտի աշխատի: Մեր գյուղի համար մշտապես աշխատել եմ և դա բնավ նշանակություն չունի գյուղապետի աթոռի հետ, ուղղակի հիմա էլ ուզում եմ շարունակել աշխատանքներս արդեն ի պաշտոնե: Անկախ ընտրվելուց կամ չընտրվելուց շարունակելու եմ իմ գյուղացիների հոգսերը կիսել: Թշնամություն չի լինի համագյուղացիներիս միջև, ամեն մեկս մեր կարծիքի տերն ենք:

Մաղթում եմ, որ բարձր տրամադրությամբ հունիսի 10-ին մասնակցեն Այգեզարդ համայնքի ղեկավարի ընտրություններին և լցված լինեն հավատով, որ անելու ենք ամեն ինչ նրանց հույսերն արդարացնելու համար։  Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին և առաջիկայում հնարավորինս լավ աշխատանքներով կներկայանանք մեր բնակչին։

  Այգեզարդը մեր տունն է, և մենք ձգտելու ենք այստեղ իրականացնել նորանոր ծրագրեր՝ առավել բարելավելով յուրաքանչյուրի կենցաղը՝ մեծ պատասխանատվության և հետևողականության շնորհիվ:

Mnews.am

 

 

kotayk

Լրահոս