mnews

27 Ապրիլի, 2017

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Ովքեր են լինելու Ազգային ժողովի նախագահը և փոխնախագահները, ովքեր են պահպանելու նախարարական պորտֆելները, իսկ ովքեր՝ կզրկվեն դրանցից, ում են մեր կուսակցական շեֆերը թույլ տալու պատգամավոր դառնալ, ում չեն թողնելու՝ այդ ամենը ես չգիտեմ: Ես, ի տարբերություն իմ շատ գործընկերների, մտերիմ չեմ նախագահի, վարչապետի, ինչպես նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ղեկավարների հետ, չեմ մասնակցում նրանց զրույցներին և բանակցություններին, ոչ էլ նրանք են ինձ պատմում, թե ինչ են տալիս-առնում: Մի խոսքով՝ «հավաստի աղբյուրներ» չունեմ: Բայց ասել, թե ինձ շատ է հուզում, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի, ով ինչ մանդատ կստանա` դա էլ չափազանցություն կլիներ:

Բայց արի ու տես` այդ հարցերը շատ են հետաքրքրում մեր բնակչությանը: Երեկ հերթական տաքսիստը, հենց նստեցի, հարցրեց` «Արդեն որոշված է, հա՞, ով է լինելու Ազգային ժողովի նախագահը»: Ասում եմ` «Նոր Ազգային ժողովը դեռ չի հավաքվել, որ խորհրդարանի նախագահ ընտրի»: «Չէ,- պնդում է զրուցակիցս,- նոր ռադիոն ասաց` Շարմազանովն է լինելու»: Ուսերս թոթվում եմ` դե, եթե ռադիոն է ասում, ուրեմն մի բան գիտի: «Բայց Տաշիրի Սամոն կնեղվի»՝ «քաղաքականապես կոփված» տաքսիստ էր:

Սակայն բուն թեման, իհարկե, այլ էր` «Յանի էս երկիրը կդզվի՞»: «Չեմ հասկանում այդ հարցը»: «Ապագայում լավ բաներ տեսնելո՞ւ ենք»: «Ես իմ կյանքում ամեն օր լավ բաներ եմ տեսնում»: Լռություն: «Բարձրաշխարհիկ զրույցը» շարունակելու համար հարցնում եմ՝ «իսկ դու ո՞ւմ ես ընտրել»: Լռություն՝ մինչև երթուղու ավարտը: Եթե մարդը չի պատասխանում այդ հարցին, ուրեմն պատասխանն ակնհայտ է:

Եվ ահա թե ինչ եմ ես մտածում: Ոչ իմ, ոչ էլ նրա կյանքը կախված չէ նրանից, թե ով կլինի Ազգային ժողովի նախագահը, և ովքեր են լինելու նրա տեղակալները Դաշնակցությունից և ԲՀԿ-ից: Կախված չէ նրանից, թե ովքեր են ստանալու նախարարական պորտֆելներ, և դրանցից քանիսն են լինելու ՀՅԴ-ինը: Կախված չէ նրանից, թե ում կորոշի Ծառուկյանը պատգամավորական մանդատ պարգևել, իսկ ում կզրկի այդ հաճույքից:

Մեր կյանքը որոշ չափով կախված է նրանից, թե ում ենք մենք ձայն տվել ընտրությունների ժամանակ: Ավելի շատ կախված է նրանից, թե արդյոք մենք ամաչում ենք մեր կատարած ընտրությունից: Իսկ ամենաշատը կախված է նրանից՝ մենք կարո՞ղ ենք կյանքում լավ բան տեսնել, թե՞ ոչ:

Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ «ե՞րբ է երկիրը դզվելու», նրանք թաքուն հույս ունեն, որ ես նրանց փոխարեն «երկիրը կդզեմ»: Երբ նրանք ասում են՝ «սրանց գյուլլել-վառել է պետք», նրանք ենթադրում են, որ ես պիտի գնամ և որևէ մեկին վառեմ կամ գյուլլեմ: Կամ մեկին կհանձնարարեմ, որ դա անի: Երբ նրանք հարցնում են, թե ով է զբաղեցնելու այս կամ այն պաշտոնը, նրանք ակնկալում եմ, որ ես կասեմ որևէ մի անուն, որը նրանց լիուլի հնարավորություն կտա իրենց բացասական էմոցիաները լիցքաթափելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս