24 Մարտի, 2023

Այլևս անառարկելի է, որ մեր շրջապատում տեղի ունեցող բազմաթիվ բացասական երևույթներ բավարար գիտելիքների բացակայության, իրավագիտակցության ու ընկալումների, արժեհամակարգի բացասական փոփոխությունների հետևանք են: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Մենք անընդհատ փորձում ենք վերացնել հետևանքները, մինչդեռ պատճառը շարունակում է պահպանվել և անընդհատ նոր խնդիրներ ծնել:

Այս ամենը պարտադրում է ամեն ինչ սկսել ամենաառաջնային օղակից՝ մարդ ու հասարակություն կրթելու, դաստիարակելու նոր մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ:

Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները, այն ներառելու է ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան փորձագիտական ներուժը: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը պետք է լինի բարեփոխումների այն արդի ու բազմաբովանդակ ծրագիրը, որի հենքի վրա պետք է կառուցվի վաղվա հանրակրթությունը:

Հանձնաժողովի կազմի մասին կհայտնվի լրացուցիչ՝ ձևավորման աշխատանքներն ավարտելուց հետո»,-գրել է նա:

kotayk

Լրահոս