Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը Վճռաբեկ դատարանում շուրջ մեկ տարի քնեցվեց, ապա հանձնվեց Վճռաբեկ դատարանի նորաստեղծ Հակակոռուպցիոն պալատին։ Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկության համաձայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշումն անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքը վերամակագրվել է։
Հատկանշական է, որ դատարանի նախագահի կողմից զեկուցող դատավոր է նշանակվել Կարեն Բիշարյանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ Բիշարյանը Վճռաբեկ դատարանի նորաստեղծ Հակակոռուպցիոն պալատի դատավոր է ընտրվել հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից փակ-գաղտնի քվեարկությամբ, ընդ որում, Վճռաբեկ դատարան է տեղափոխվել Վերաքննիչ քրեական (մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողության) դատարանից եւ ունի դատավորի ընդամենը վեց ամսվա փորձ։ Առավել հետաքրքիրը, սակայն, այն է, որ մինչ Վերաքննիչ դատարան տեղափոխվելը Կարեն Բիշարյանը դատախազ էր և որպես մեղադրող պաշտպանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքը:
Ասել է թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը կքննի Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխող դատավորի գործը։ Կայքը հիշեցնում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։
Ավելին, դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց ապօրինի քրեական հետապնդման իրականացումը։ Հատկանշական է, որ թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից արձանագրվել է, որ դատավորի նկատմամբ իրականացվող հետապնդումն ապօրինի է։