Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հրապարակել էր հայտարարության առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Պարզվում է, որ Ժորա Չիչոյանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի հարազատ եղբոր տղան է, դրա համար էլ օրենքի ուժը «աշխատել է»:
Բանն այն է, որ դատավոր նշանակվելուց առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուները անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել: Եվ, ահա, ԲԴԽ նախագահի եղբորորդու Ժորա Չիչոյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, եւ ՀՀ նախագահը Ժորա Չիչոյանի դատավորի նշանակման դիմումը չի ստորագրել ու առարկություններով հետ է ուղարկել:
ԲԴԽ-ն ի դեմս նախագահ հորեղբոր, որոշում է կայացրել երկրորդ անգամ դիմել ՀՀ նախգահին, սակայն երկրորդ անգամ էլ նախագահը չի ստորագրել ու առարկությամբ հետ է ուղարկել: Այս ամենից հետո Ժորա Չիչոյանին որոշում են դատավոր նշանակել օրենքի ուժով, եւ նա դատավորի լիազորություները ստանձնում է օրենքի ուժով, կամ, որ նույնն է հայտնի հորեղբոր թիկունքով:
Սակայն այս պամության մեջ ցավալին այն է, որ ներկայումս շատ դատավորներ են Ժորա Չիչոյանի կարգավիճակում հայտնվել, սակայն ԲԴԽ-ն ի դեմս նախագահ Սերգեյ Չիչոյանի, նրանց մասով որեւէ սրտացավություն չի ցուցաբերել, այլ արագ հանել է նրանց անունները թեկնածուների ցուցակից զրկելով դատավոր դառնալու իրավունքից: Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը»:
Ամբողջական հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: