12 Մայիսի, 2025

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Արամի 23 հուշարձան-շենքի թեմայով դատական գործը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից։

«Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի քանդման հարցով տարվող քրեական վարույթի հիմնական մասի քննությունը ավելի քան 5 տարի ձգձգվում է։ Քննիչը փորձառու Խաչատուր Գալստյանն է, ով օբյեկտիվ քննության փոխարեն ամեն ինչ անում է, որպեսզի Վարդան Սիրմակեսին պատկանող “Օլդ Սիթի” ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ Վարդան Սիրմակեսին ընդհանրապես չի հարցաքննել և գործին չի ներգրավել։ Եվ այս ամենը կատարվում է դատախազության համաձայնության ներքո։

Քննիչն ու դատախազն արդեն 3-րդ անգամ են անհիմն կերպով դադարեցնում Գևորգ Մաչանյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը։ Նախորդ անգամները տարբեր դատարանների 8 տարբեր դատավորներ վերացրել են Գևորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անօրինական որոշումները՝ բավարարելով մեր հայցը: Սակայն քննիչն ու դատախազն արդեն 3-րդ անգամ դարձյալ դադարեցնում են Գևորգ Մաչանյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը՝ կատարելով թերի քննություն, ստացված տվյալներն էլ բացահայտ ու անհիմն կերպով մեկնաբանելով հօգուտ մեղադրյալի։

Այժմ հակակոռուպցիոն դատարանում քննվում է այս՝ հերթական անհիմն որոշման դեմ մեր բողոքը, նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի։

Դատախազությունը և հատկապես քննչական կոմիտեն դատարանում մեր գնահատմամբ կրկին բացահայտ հանդես եկան Գևորգ Մաչանյանի պաշտպանության դիրքերից։

Վերջին դատական նիստը կայացել է 2025 թվականի ապրիլի 29-ին։ Հատկանշական է, որ քննության թերությունների կապակցությամբ մի շարք կարևոր հարցերի քննիչ Խաչատուր Գալստյանը չկարողացավ պատշաճ պատասխանել, օրինակ, թե ինչու չեն հարցաքննել Վարդան Սիրմակեսին (այդ թվում՝ հեռահար, որի իրական հնարավորությունն առկա է) և այլն։

Դատավորի որոշումը հրապարակվելու է օրերս»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս