«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացվել գործով անցնող մեղադրյալների մասով գաղտնալսումների որոշումները տրամադրելու համար: Ի պատասխան՝ նախաքննական մարմնից հայտնել են, որ մոտ օրերս գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։
Ասել է թե՝ առաջիկայում գործի բոլոր նյութերը կհայտնվեն պաշտպանական կողմի մոտ։
Ավելին՝ էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչը հիմք է նրա խափանման միջոցը փոխելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։