Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կտրականապես հերքել է Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար ասելով, որ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցը Ուկրաինայի հետ հանդիպման ժամանակ, գրում է mehrnews.com-ը:
«Մենք Ռուսաստանին չենք տվել և չենք էլ տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործելու համար», – ասել է Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի արտգործնախարարն ասել է, որ «Ռուսաստանի հետ ծավալուն համագործակցություն ունեն, այդ թվում պաշտպանության ոլորտում:
«Նախկինում մենք զենք ենք վերցրել Ռուսաստանից և տվել Ռուսաստանին, բայց ոչ ուկրաինական պատերազմի ժամանակ», նշել է դիվանագետը:
Նա ասել է, որ վերջերս ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում հայտնել է Իրանի պատրաստակամությունը ստեղծելու իրանցի և ուկրաինացի ռազմական փորձագետներից կազմված համատեղ հետազոտական խումբ հետաքննելու ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման պնդումը։