Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի սկսում է երկօրյա այցը Երևան: ՌԴ ԱԳ նախարարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Սպասվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը և կազմակերպության գործունեությունը:
Կողմերը կքննարկեն ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող և Հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված որոշումների փաթեթը:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություն։