ԼՂՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Արցախի կենսական ճանապարհը Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի կեղծ բնապահպանների վերջին պահանջը։
«Ադրբեջանցի «էկոակտիվիստների» վերջին հայտարարությունը, որը, բնականաբար, ոչ մի ընդհանուր բան չունի էկոլոգիայի հետ եւ զուտ քաղաքական, կարելի է ասել, աշխարհաքաղաքական նախագիծ է, կարելի է համարել ադրբեջանական գործողությունների էությունը ։ Տեղի է ունենում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: Փաստացի ադրբեջանական կողմը հանդգնաբար փորձում է ոչնչացնել Արցախը։
Տվյալ համատեքստում անհրաժեշտ են համապատասխան բավական հստակ քայլեր միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Միանգամայն ակնհայտ է, որ դա արդեն խաղաղապահների հարց չէ, դա արդեն քաղաքական հարց է»,-ասաց Բաբայանը։