Հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը։ Քննիչը նրանց մեղադրանք է ներկայացրել և միջնորդություն ներկայացրել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանները մերժել են Արտավազդ Մարգարյանին և Հունան Մելքոնյանին կալանավորելու միջնորդությունները միևնույն ժամանակ նրանց ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ, Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։
Պաշտպան Վահե Զոհրաբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման երկու հիմք էր նախանշել միջնորդության մեջ, որից դատարանը բավարարել է միայն մեկը քրեական դատավարության իր վրա դրված պարտականությունը չկատարելու ռիսկը, այդ հիմքով էլ Գառնիկ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք կներկայացվի։ Բացի այդ, պաշտպանը կասկածի տակ է դնում նաև վարույթի օրինականությունը, ինչպես նաև ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը։
«Ինչպես հայտնի է հիշյալ քրեական վարույթը նախաձեռնվել է ընտանեկան և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելով ձեռք բերված ֆեյսբուք սոցիալական ցանցում զետեղված ինչ-որ ձայնագրության հիման վրա, ինչը քրեադատավարական կոպիտ խախտում է, քանի որ անձանց հեռախոսային խոսակցությունների լսում ՕՀՄ-ներ կարող են իրականացվել միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա, որը տվյալ պարագայում ամբողջությամբ բացակայում է, համենայն դեպս պաշտպանական կողմին մինչ օրս նման փաստեր չեն ներկայացվել։ Բացի այդ, չի նույնականացվել կոնկրետ ձայները պատկանում են քրեական վարույթով անցնող անձանց, այդ թվում Գառնիկ Մանուկյանին, թե ոչ, սակայն մեր կողմից նախանշված քրեադատավարական այս խախտումները դատարանի կողմից որևէ ուշադրության չարժանացան»,- նշեց փաստաբանը հավելելով, որ Գառնիկ Մանուկյանին մեղսագրվող արարքը թե նախկինում գործող, թե հուլիսի 1-ից ուժւի մեջ մտած Քրեական օրենսգրքերով հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ, ըստ այդմ, անձանց գաղտնալսում չէր կարող իրականացվել։ Պաշտպանը նշեց, որ ապացույցների անթույլատրելիության հարցը բարձրացվել է առաջին ատյանի դատարանում, կբարձրացվի նաև հատուկ վերանայման բողոքում։
Իսկ թե ինչով է պայմանավորում այն հանգամանքը, որ դեռևս 2022թ օգոստոսին նախաձեռնված վարույթով ձերբակալությունները, խուզարկությունները միայն օրերս են եղել, պաշտպանը նշեց այդ փաստը քրեական վարույթով անցնող բոլոր անձանց համար անակնկալ է։ Նշենք, որ ձերբակալման որոշման մեջ քննիչը մատնանշել էր անմիջական ծագած կասկածանքը, ինչը պաշտպանի դիտարկմամբ, անտրամաբանական է, քանի որ դա ենթադրում է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջականորեն հետո ծագած կասկածի հիման վրա ձերբակալել են վեց ամիս առաջ նախաձեռնված վարույթով։ Գառնիկ Մանուկյանի տանն իրականացված խուզարկության ժամանակ առգրավել են որոշակի թղթեր, որտեղ իբրև անձանց անուններ են նշված, հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ կազմված է կալանավորման ամբողջ որոշումը, մինչդեռ, պաշտպանը պնդում է, որ այդ ցուցակը կազմված է տարիներ առաջ, քանի որ կան արդեն 6-7 տարի առաջ մահացած անձանց անուններ, որն առհասարակ Գառնիկ Մանուկյանի կողմից չի կազմվել։
«Մահացած մարդկանց անունները չեն կարող ներառվել նոր կազմված ցուցակների մեջ, այսինքն, այդ հանգամանքը հաստատում է, որ հիշյալ ցուցակները, եթե նույնիսկ կան, դրանք կազմվել են շատ ավելի վաղ և որևէ կապ վերաբերելի չեն 2022թ հունիս-հուլիս ամիսներին կատարված գործողություններին»,- նշեց փաստաբանը հավելելով, որ Գառնիկ Մանուկյանը դրա վերաբերյալ դատարանում բանավոր հայտնել է, որ դրանք իր կողմից չի կազմվել, դրանց վերաբերյալ տեղեկությունն իմանում է գործից։
Գառնիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ ամբողջ քրեական վարույթը նախաձեռնված է ապօրինի ձեռք բերված և ոչ թույլատրելի բազմաթիվ հիմքի վրա։ Այս ամիսների ընթացքում Գառնիկ Մանուկյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել, նա չի հարցաքննվել։ Պաշտպանության կողմին հասանելի տվյալներով Գառնիկ Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան, ըստ պաշտպանի, չի էլ կարող լինել, հակառակ դեպքում, կալանավորման միջնորդության շրջանակներում այդ մասին կբարձրաձայնվեր։