«Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը, կարևորելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լիարժեք ու առանց նախապայմանների իրականացումը, ընդգծել է ՄԱԿ ԱԽ առանցքային դերը միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների իրականացումը երաշխավորելու հարցում։
Անդրադառնալով 6 ամսից ավել շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և դրա մարդասիրական հետևանքներին Վահե Գևորգյանը նշել է, որ, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող վճռի, Ադրբեջանի իշխանությունները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում դրանով պատասխանատվություն կրելով ապօրինի շրջափակման և դատարանի վճիռը չկատարելու համար։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարիքները հոգալուն ուղղված գործողություններինին, և մինչ այժմ հնարավոր չի եղել երաշխավորել ՄԱԿ-ի և իր գործակալությունների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։
Շեշտվել է, որ հայատյացության և այլատյացության խորացմանն ուղղված քաղաքականությամբ ուղեկցվող այս բոլոր ապօրինի գործողությունները բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները և վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղի բնիկ ազգաբնակչության ամբողջական էթնիկ զտումը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որպես միջազգային խաղաղության և անվտանգության համար պատասխանատու առաջնային մարմին, իր մանդատին համահունչ կշարունակի ներգրավված լինել այս հարցում երաշխավորելու քաղաքացիական բնակչության արժանապատվությունը, անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։