24 Հունիսի, 2023
«Փաստ» օրաթերթը գրում է

«Ես Մեղրիից եմ, Ալբերտն Ագարակից, նույն համայնքում ենք ծնվել ու մեծացել: Բայց առաջին անգամ հանդիպել ենք Լիճք գյուղում, երբ ուսանող էինք: Երկուսս էլ այնտեղ էինք մեր արձակուրդն անցկացնում, ես հորաքրոջս, իսկ Ալբերտն իր պապիկի տանը: Հյուր էր եկել մեր տուն, հորաքրոջս տղաների հետ մանկության ընկերներ են: Այդպես հանդիպեցինք, հետո Երևանում սկսեցինք ընկերություն անել: Փոքր էինք, ես 18, իսկ Ալբերտը 20 տարեկան էր: Այդ տարիքից միշտ միասին ենք եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը Ալբերտի կինը:

Ձայնի մեջ զգացվող ժպիտն այնքան բնական է: Հետաքրքիր մի հատկություն ունեն հիշողությունները. և՛ կարող են ջերմացնել ու ժպիտ պարգևել, և՛ հուզել: Ալբերտն այդ շրջանում սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ Մարիամը Մանկավարժական համալսարանում: 2016 թ.-ին նա ավարտում է ուսումը, պետք է տեղափոխվեր Արցախի Հանրապետություն Հադրութ: Մարիամն ու Ալբերտը նշանվում են, իսկ մեկ տարի անց 2017 թ.- ին ամուսնանում: Կնոջ խոսքերով, ծնողներն ու ընկերները փաստում են, որ Ալբերտն իր տեսակով փոքրուց էլ շատ լուրջ է եղել, իր տարիքի համեմատ ավելի հասուն մտածելակերպ է ունեցել:

«Զինվորական դառնալու որոշումը ինքն է կայացրել: Ինչպես ասում են, այդ որոշումն այնքան էլ չէր խրախուսվում: Ծնողները գիտակցում էին, թե որքան բարդ ճանապարհ է սպասվում իրենց որդուն: Բայց Ալբերտը որոշել էր, որ պետք է ռազմական կրթություն ստանա և սպա դառնա»: 2016 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության օրը, Ալբերտը Հանրապետության հրապարակում մասնակցում է շքերթին և հենց նույն օրն ուղևորվում Հադրութ: Մեկ տարի անց նրան Հադրութում «միանում» է Մարիամը: Մարիամին հարցնում եմ ճի՞շտ է այն կարծիքը, որ կանայք էլ ամուսինների հետ հավասար ծառայում են: «Մինչ մեր տեղափոխվելն Ալբերտն ինձ հոգեբանորեն պատրաստել էր այդ կյանքին, որ հնարավոր է իրեն ամեն տեղ գործուղեն, հնարավոր է, որ ամիսներով տուն չգա, և ես միայնակ եմ մնալու: Տարիների ընթացքում այդ ամենին հոգեբանորեն պատրաստել էր: Առաջին օրերին Հադրութում որևէ մեկին չէի ճանաչում, ինքն էլ շատ քիչ էր տուն գալիս: Ամսվա մեջ եթե, ասենք, մեկ կամ երեք անգամ տանը լիներ, այդ օրը մեզ համար տոն էր: Դժվար էր, իհարկե, բայց գիտեինք, թե ինչու ենք այդտեղ, գիտեինք, որ դա կյանքի որոշակի հատվածի փորձություն է, ժամանակավոր է: Ու ամենակարևորը դա Ալբերտի որոշումն էր, իսկ նրա կողքին լինելն էլ իմ որոշումն էր: Այդ որոշումը կայացրել էինք գիտակցաբար, և ուրեմն ամեն դժվարություն պիտի հաղթահարեինք»:

2020 թ. օգոստոսի 30-ին Ալբերտը կապիտանի կոչում է ստանում: «Հերթական անգամ իր վաշտի տղաների հետ դիրքերից իջնելով իմանում է, որ կապիտանի կոչում է ստացել: Ասում էր ամենաշատն այդ կոչումն եմ սիրում, դա իր համար մի երազանք էր: Հենց նույն օրը միասին գնացինք դիրքեր, առաջին անգամ ինձ էլ իր հետ տարավ Կարախամբեյլիի հատվածը: Սեպտեմբերի 10- ից արձակուրդում էինք, այն մեկ ամիս էր տևելու: Եկել էինք Մեղրի: Իր ընկերներից զանգահարեցին, ասացին, որ կուտակումներ կան, սեպտեմբերի 26-ին միասին վերադարձանք Հադրութ: Գիշերը ժամը 2-ին հասել ենք, իսկ առավոտյան յոթին սկսվել է պատերազմը: Իրեն որևէ մեկը չի զանգահարել ու կանչել, որևէ հրաման չի եկել, որ վերադառնա, բայց ասաց հնարավոր է, որ վաշտս բարձրանա դիրքեր, չեմ կարող թողնել, որ երեխեքս առանց ինձ գնան: Առավոտյան տագնապ հայտարարվեց, Հադրութի վրա սկսեցին ԱԹՍ-ներ աշխատել, էլի չսպասեց, որ ինչ-որ մեկն իրեն զանգի, հագավ համազգեստը և կազմ ու պատրաստ, ինձ տանը մենակ թողնելով, գնաց իր զինվորների մոտ ու նրանց հետ բարձրացավ դիրքեր»:

Ալբերտ Խաչատրյանը Հադրութի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարն էր: «Սեպտեմբերի 27-ի առավոտյան բարձրացել են դիրքեր: Հաջորդ օրը Կարախամբեյլի գյուղի գործողության ժամանակ ոտքից վիրավորում է ստացել, երբ փորձել է զորքը շրջափակումից դուրս բերել: Զինվորները պատմում են ընկերների, հրամանատարական կազմի ուղղորդումները չի լսել և մնացել է իր տղաների հետ եթե գնացի, զորքը կոտորվելու է: Իր զինվորներից Աբիկն է ողջ մնացել, իր հետ կապը պահպանվում է, և հենց նա է մանրամասներ պատմել: Իր հետ խոսել եմ ամեն օր, բայց չի ասել, որ վիրավոր է: Սեպտեմբերի 30-ին դիրքերից մեկի ուղղությամբ հարձակում է սկսվում, հրդեհ է բռնկվում: Ալբերտը չորս զինվորի դուրս է բերում խրամատից, հինգերորդ զինվորը վառվելիս է լինում, ուզում է նրան էլ դուրս բերել, բայց արկերը պայթում են ու… Իրեն Մխիթարը, Ռիժոն ու Աբիկն են դուրս բերել: Հոկտեմբերի 1-ին իր մահվան գույժը Մեղրի էր հասել: Իրենից հետո մի քանի ժամվա ընթացքում զորքից շատերն են զոհվում»: Հիմա Ալբերտի հետ կողք կողքի կռված տղաներից քչերն են ողջ:

«Դեպքից հետո տարբեր զինվորներից էինք իմանում, թե ինչ է եղել: Զինվորներից մեկը կոմայից դուրս էր եկել մեկ տարի հետո, սոցցանցում տեսել ամուսնուս հետ իմ նկարը, գրել ինձ պարոն ավագ լեյտենանտ, ո՞նց ես, արձագանքեցի, որ Ալբերտի կինն եմ, իսկ ինքը զոհվել է: Զարմացավ, թե ինչպե՞ս է նման բան հնարավոր ինձ Աբոն է փրկել»: Մարիամն ասում է ամուսինը պատասխանատու հրամանատար էր: «Ընկերները պատմում են, որ ասում էր իմ վաշտը պետք է միշտ առաջինը լինի, երբ քննություններ էին հանձնում, իր վաշտը պետք է լավագույնը լիներ, հաղթող լիներ: Միշտ իր աշխատանքի մեջ էր, արձակուրդը կարող էր կիսատ թողնել, անգամ տարի է եղել, երբ արձակուրդ չենք գնացել, 39 աստիճան ջերմությամբ կարող էր աշխատանքի գնալ: Այդ պատասխանատվությունը ձևավորվել ու դրսևորվել էր խաղաղ ժամանակ, նույն կերպ էլ պատերազմի ժամանակ, երբ անգամ վիրավոր ես, բայց չես կարող քո զինվորին, երեխային թողնել ու գնալ: Երբ պատերազմը սկսվելու առավոտյան ասացի գոնե այս պահին ինձ մի թող, սպասի՛ր հրամանատարի զանգին, ասաց դու իմ կինն ես, կարո՛ղ ես, իսկ երեխեքն առանց ինձ չեն կարող»:

Հուզիչ է Ալբերտի ամուսնական մատանու հետ կապված պատմությունը: «Պատերազմի ամենաթեժ օրերին իր զինվորներից Հայկը (Ռիժիկ) ասել էր հրամանատա՛ր, հանի մատանին, փայլում է, կնկատեն մեզ: Ամուսինս կատակել էր կինս ավելի շուտ կխփի, քան դիպուկահարը: Զոհվելուց հետո իր զինվորներից Աբիկն է մատանին հանել ու Ալբերտի ծոցագրպանը դրել սա պետք է պարտադիր Մարիամին հասնի: Երբ հոգեբան Արամ Գյուրջյանին պատմել էր ողջ պատմությունը, նա երգ էր գրել, ու հաջորդ օրն այն ինձ էին ուղարկել: Այդ պատմությունների մասին ոչինչ չգիտեի: Իր իրերը մնացել էին Կապանում և բավականին ուշ ուղարկեցին մեզ, այդ ժամանակ էլ նաև իր մատանին հասավ ինձ: Ամեն անգամ, երբ թուլանում եմ, հոգնում, հիշում եմ այն դրվագը, երբ ասաց դու իմ կինն ես, դու կարո՛ղ ես: Այսքան բան տեսնելուց հետո ուղղակի իրավունք չունեմ թույլ լինելու: Իմ ուժն Ալբերտն է: Հիմա, երբ իմ կյանքում կարևոր իրադարձություններ են լինում, լարված եմ կամ հուզվում եմ, իր մատանին ամուր սեղմում եմ, ուժը ստանում և ասում եմ սա էլ կհաղթահարեմ, ես կարո՛ղ եմ, պետք է շարունակել ապրել»:

Հ. Գ. – Ալբերտ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներով: Զորամասից ընտանիքին հայտնել են հաստատվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրումը, ընտանիքը սպասում է մինչ նախարարությունն իրենց կուղարկի մեդալը: Ալբերտը հուղարկավորված է Ագարակում ընտանեկան գերեզմանատանը:

 

 

Լրահոս