3 Հոկտեմբերի, 2023
Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնը գրում է.

«Ի պատասխան ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու հարցմանը Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նախարարության և դրա ենթակա մարմինների բոլոր աշխատակիցները, այդ թվում ոստիկանները, պարգևատրվել են:

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցում էր ուղարկել Ներքին գործերի նախարարին ստանալու հետևյալ հարցերի պատասխանները.

  1.  2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարության առանձին ստորաբաժանումների, Ոստիկանության աշխատակիցներին, ծառայողներին տրվե՞լ է արդյոք պարգևավճար, դրամական աջակցություն, խրախուսանք:
  2. Եթե, այո, խնդրում ենք տրամադրել պարգևավճարներ և այլ դրամական աջակցություն հատկացնելու վերաբերյալ իրավական ակտերի պատճեները (նախարարի, առանձին ստորաբաժանումների ղեկավարների հրաման, որոշում և այլն) :
  3. Տրամադրել պարգևավճար և դրամական այլ աջակցություն ստացած աշխատակիցների, ծառայողների ցանկը ներառելով հատկացված գումարի չափը:

Նախարարությունից այսօր հոկտեմբերի 3-ին ստացված պաատսխանով հայտնում են, որ

  1. ՀՀ ներքին գործերի նախարարի 12.09.2023 թվականի թիվ 813-Ա հրամանով ներքին գործերի նախարության և ենթակա մարմինների ծառայողներին (աշխատողներին) որակյալ աշխատանքի կատարման համար հատկացվել են պարգևատրում։
  2. ՀՀ ՆԳ նախարարի վերը նշված հրամանով պարգևատրում է հատկացվել ՀՀ ներքին գործերի նախարարության և ենթակա մարմինների ծառայողներին (աշխատողներին) որակյալ աշխատանքի կատարման համար յուրաքանչյուրին 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ գումարով, բայց ոչ ավելի քան մեկ պաշտոնային դրույքաչափը։ Պարգևատրման համար հիմք է հանդիսացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը։ Այն է, պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
  3. – 3-րդ հարցի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրման ենթակա տեղեկատվություն է (հիմք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, ՀՀ կառավարության գաղտնի որոշումը ոստիկանության զորքերի թվաքանակի վերաբերյալ, ՀՀ ոստիկանության պետի 27.10.2020թ. թիվ 11-Ն հրամանի 23-րդ կետ)»:

Լրահոս