Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ գործը կքննվի Սաբունչի շրջանային դատարանի վարչական շենքում դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։
Նշենք, որ ադրբեջանական կողմը Ոսկանյանին մեղադրում է իբրև «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի կողմից ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու հետ կապված»։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: