Վերջին մի շաբաթում հանրության ուշադրության կենտրոնում էր «Ֆլայ Առնա» ավիաընկերության, որպես ՀՀ հերթական «ազգային ավիափոխադրողի» փուչիկը պայթելու մասին թեման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ինձ բազմաթիվ լրագրողներ դիմել են տարատեսակ հարցերով, որոնցից հիմնականները` «Ֆլայ Առնայի» հայկական լինել-չլինելը, «Ազգային ավիափոխադրող» չկայանալու պատճառները, այդ ընկերության ապագան Հայաստանում։
Պարզաբանումների և ամեն անգամ չկրկնվելու համար որոշեցի այս գրառմամբ ամեն ինչ պարզաբանել, գոնե իրավական տեսակետից:
«Ֆլայ Առնան» ՀՀ ազգային ավիափոխադրող երբեք չի եղել:
Համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ձևակերպման` «Ազգային Ավիափոխադրողը» տվյալ երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը հանդիսանում է երկրի ավիացիոն փոխադրումների շուկայի կարգավորման ազգային գործիք։
«Ազգային ավիափոխադրող» չի նշանակվում վարչապետի, նախագահի, կամ որևէ այլ պաշտոնյայի հրամանագրով: Այդպես անվանելով ավիաընկերությունը, այն այդպիսին չի դառնում: Ինչպես բոլոր Հաղթանակ անունը կրողները հաղթանակ չեն, Համեստները` համեստ, Գեղեցիկները` գեղեցիկ։
«Ազգային ավիափոխադրողը» երկարատև, մասնագիտական և որակյալ աշխատանքի շնորհիվ տվյալ երկրի ավիափոխադրումների շուկայում իր սպասարկած ծավալների շնորհիվ շուկայի կարգավորման վրա ազդեցություն գործելու հնարավորություն վաստակած ավիաընկերության կարգավիճակի գնահատականն է, ոչ թե անվանում: Ինչին, այլ պատճառներից բացի, լոուքոստ մոդելով հասնել հնարավոր չէ:
Հայկակա՞ն է արդյոք «Ֆլայ Առնա» ավիաընկերությումը: Չէ՞ որ նրա բսժնետոմսերի 51 %-ը հայկական չեն:
Այո՛, ավիաընկերությունը հայկական է: Այն գրանցված է ՀՀ-ում, գործում է ՀՀ-ում, աշխատում է ՀՀ օրենքներով, հարկերը վճարում է ՀՀ-ում…
Ապագայի մասին «Ֆլայ Առնան» «Էյր Արաբիա» ավիաընկերության 5-րդ դուստր ավիաընկերության փորձն է:
Նրանցից 2-ը` Մարոկկոյի և Եգիպտոսի դուստրերը, աշխատում են անխափան: «Էյր Արաբիայի» օդանավերի մոտ 10 %-ը շահագործվում են այդ կենտրոններից: Մյուս երկուսը` Նեպալի և Հորդանանի, դադարել են գործել: Եվ, ըստ իմ շատ հավաստի տեղեկությունների, ոչ «երկրի արտաքին քաղաքական անկայուն իրավիճակի» պատճառով, ինչպես նշվում է բաց աղբյուրներում:
Ասեմ, որ այս ընկերության գործունեությանը ծանոթ լինելով իր ստեղծման օրվանից, հավաստիացնում եմ, որ ոչ մի սկանդալի մեջ ներքաշված չի եղել:
Եվ հույս հայտնեմ, որ էդ պատճառով Հայաստանից հեռանալու առիթ չի ունենա»։