Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը:
Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնադրամում, զրուցել աշխատանքային թիմի հետ, ծանոթացել կառույցի առաջիկա ծրագրերին և անելիքներին:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին այս տարիներին կատարած աշխատանքի համար:
Շնորհավորելով նորանշանակ տնօրեն Դավիթ Բանուչյանին կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 100-ամյա ավանդույթներ և փորձառություն ունեցող «Հայֆիլմի» իրավահաջորդ հանդիսացող հիմնադրամի ղեկավարումը լուրջ հանձնառություն ու պատասխանատվություն է. «Վստահ եմ, որ հիմնադրամի թիմի հետ համատեղ այս աշխատանքը մեծ հաջողությամբ կշարունակեք և կգրանցեք նոր արդյունքներ: Իրականում կինոյի ոլորտից մեր ակնկալիքները շատ մեծ են, և վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները զարգացման նոր հեռանկարներ են բացում: Ներկայում գտնվում ենք շատ կարևոր փուլում. այս պահին մի քանի ենթաօրենսդրական ակտեր են շրջանառվում, որոնք ընդունվելու դեպքում էապես մեծացնելու են իրականացվող աշխատանքի ծավալն ու գործառույթը: Այդ իմաստով, իհարկե, հիմնադրամը կարիք է ունենալու որոշակի վերագնահատման և գործառույթների վերապլանավորման թիրախային արդյունքներ գրանցելու և առավել արդյունավետ աշխատելու տեսանկյունից: Ըստ էության մենք ուզում ենք, որ Հայաստանում կինոարտադրության զարգացման պոտենցիալն ամբողջությամբ իրացվի, քանի որ ունենք հսկայական ժառանգություն և մեծ ներուժ կինոարտադրության խթանման համար: Այստեղ մեր ամենակարևոր անելիքը աջակցությունն է ոլորտին, ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը»:
Նախարարի խոսքով քննարկվում են նաև ոլորտի հնարավորությունների էական բարելավման հարցերը. «Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականում առանձին մաս է կազմում նաև «Հայֆիլմի» տարածքը, որը պլանավորվում է զարգացնել որպես կինոարտադրության տարածք: Կարևորում եմ հիմնադրամի ներգրավվածությունն այս քննարկումներում, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք այդ տարածքում եղած ավանդույթները, հնարավորությունները և փորձառությունը զարգացնելով ու վերափոխելով ստանալ ժամանակակից կինոարտադրության լավագույն պայմանները: Այստեղ, իհարկե, կունենանք շատ լավ հնարավորություն կինոկրթությունը կապել կինոարտադրության շրջափուլին դրանով նաև ունենալով կինոկրթության որակի էական բարձրացում»:
Այս բոլոր աշխատանքներում հիմնադրամի դերը նախարարը համարել է առանցքային շեշտելով, որ դրա առաջնորդությունը և նախաձեռնողականությունը վճռորոշ են լինելու առաջընթացի գրանցման ճանապարհին: Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել հիմնադրամի նորանշանակ տնօրենին և ողջ անձնակազմին:
Հիմնադրամի նորանշանակ ղեկավար Դավիթ Բանուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և ընձեռված հնարավորության համար նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարումը, որը հանդիսանում է իրավահաջորդը հարյուրամյա կինոժառանգություն և ավանդույթներ ունեցող պատմական «Հայֆիլմի»:
Նախարարը շնորհավորել է նաև ռեժիսոր Զառա Ջյանին և ողջ անձնակազմին Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ:
Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է աջակցել ոլորտի առաջընթացին և զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին: