Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս ներդրման շնորհիվ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր և էապես կնվազեցվեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները` մոտ 40,000 տոննա ածխաթթու գազին (CO2) համարժեք:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց. «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը»։
Նա ավելացրեց․ «Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։
IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում և նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում և կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով: Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը: «Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում», – ասաց Մարսելո Կաստելյանոսը՝ Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավարը: «Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։
Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1.1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ և 21.6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR): Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով և այս պահին կազմում է շուկայի 25%-ը:
2009թ.-ից ի վեր բանկը միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։