18 Հունվարի, 2025

Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որն ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների առողջ սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների արդիականացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ e-draft իրավական ակտեր միասնական հարթակում հրապարակված նախագծում նշվում է, որ աշխարհում և Հայաստանում ավելորդ քաշի ու ճարպակալման դեպքերը երեխաների շրջանում շարունակաբար աճում են։ Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, ավելորդ քաշի և անառողջ սննդի հետևանքները, ինչպիսիք են սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը և որոշ տեսակի քաղցկեղները շարունակական աճ են արձանագրում։

Հայաստանում անցկացված հետազոտությունների համաձայն՝ 7-9 տարեկան երեխաների 27.7%-ն ունեն ավելորդ քաշ, իսկ 12.6%-ն տառապում է ճարպակալմամբ։ Այս իրավիճակը պահանջում է համակարգված միջոցառումներ՝ ուղղված նախադպրոցական տարիքում երեխաների սննդակարգի բարելավմանը։

Նախագծով նախատեսվում է սննդամթերքի և ճաշատեսակների ցանկի վերանայում, արգելված սննդամթերքի ցանկի ընդլայնում, որակապես և սննդային արժեքով համապատասխան ճաշատեսակների սահմանում։

Կհստակեցվի երեխաների օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և միկրոտարրերի նորմերը, կներդրվի առողջ սննդի կազմակերպման նոր մոտեցումների ներդրում՝ համահունչ միջազգային փորձին։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կրճատել երեխաների շրջանում ավելորդ քաշի և գիրության դեպքերը, նպաստել առողջ սննդի մշակույթի ձևավորմանը վաղ տարիքում, կանխել սննդի հետ կապված հիվանդությունների զարգացումը։

Լրահոս