Վլադիմիր Զելենսկին հայտարարել է գործարք կնքելու պատրաստակամության մասին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկում է ուկրաինական հանքային պաշարներ և գազի ստորգետնյա պահեստարաններ՝ անվտանգության երաշխիքների դիմաց։
«Եթե մենք խոսում ենք գործարքի մասին, ապա եկեք գործարք կնքենք, մենք բոլորս կողմ ենք դրան»,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Կիևի անվտանգության երաշխիքները։
Միևնույն ժամանակ, Զելենսկին պարզաբանել է, որ Կիևն առաջարկում է ոչ թե իր օգտակար հանածոների հանքավայրերը փոխանցել Վաշինգտոնին, այլ փոխշահավետ համագործակցություն վարել դրանց համատեղ զարգացման համար։
«Ամենաշատն օգնել են ամերիկացիները, հետևաբար ամերիկացիներն ամենաշատը պետք է վաստակեն։ Եվ նրանք պետք է ունենան այս առաջնահերթությունը, և նրանք կունենան դա»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ կցանկանար այս մասին խոսել Թրամփի հետ։