«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ լրացավ մի օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկման ժամկետը, որը կառավարությունը ցանկանում է փաթաթել հանրության գլխին: Փորձագիտական շրջանակներն ու շատ գործարարներ այս նախաձեռնությունն արդեն գնահատել են որպես հերթական փորձանք: Խոսքը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը, ի մասնավորի, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի գնահատմամբ, բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։
Բանն այն է, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ կայացվի, ապա դրա վիճարկումը չի կասեցնելու տուգանքի վճարումը: Շատ գործարարներ նշում են, որ վարչական դատավարության կարգով քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինը տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևով այդքան ժամանակ զրկվելու է տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից:
Ի դեպ, գործարարները նշում են, որ, տարբեր հաշվարկներով, ՊԵԿ –ի դեմ ներկայացված վիճարկման հայցերով գործերի 75-80 տոկոսի դեպքում այդ հայցերը բավարարվում են, ինչը բավականին խոսուն ցուցանիշ է: Ընդ որում, այս նախագիծը միայն գործարարներին չի վերաբերում, այլ նաև անհատ քաղաքացիներին, օրինակ՝ ՃԵԿ խախտումների առումով:
Հավելենք, որ երեկվա դրությամբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս նախագծին դեմ քվեարկածները կազմում էին… 100 տոկոս (մոտ 3000 ձայն): Իրականում կողմ քվեարկածներ էլ կային, բայց նրանց թիվն այնքան փոքր էր (7), որ նույնիսկ 1 տոկոսի չէր հասել և կայքում արձանագրված էր… 0 տոկոս: Փաստորեն, այս դեպքում նախաձեռնողներն իրենք էլ չէին քվեարկել իրենց նախագծի օգտին: