20 Ապրիլի, 2025

«Russia Today» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վիճակի մասին, որը հունվարից կոմայի մեջ է։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքերը։

Նրա խոսքով՝ Տիգրանն սկսել է արձագանքել արտաքին խթաններին՝ սեղմում է մատները, թարթում է ի պատասխան իրեն ուղղված խոսքի, իսկ երբեմն նույնիսկ փորձում է շարժվել։

«Նա չի խոսում, բայց պատասխանում է։ Ես ասում եմ՝ «Սիրելիս, եթե լսում ես ինձ, թարթիր», և նա թարթում է։ Ես ասում եմ՝ «Գնանք տուն», և նա բացում է բերանը, շարժվում, ձեռքերը մեկնում։ Մենք շփվում ենք, չնայած նա լուռ է։ Ես համբուրում եմ նրա ոտքերը, և նա ի պատասխան ծալում է մատները», — կիսվել է Սիմոնյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով Բորիս Կորչևնիկովի հետ «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում։

Նա նշել է, որ հունվարի սկզբից, երբ Քեոսայանը կլինիկական մահ տարավ և կոմայի մեջ ընկավ, մինչև ամսվա վերջ որևէ ռեակցիա չի ցուցաբերել։ Միայն մի քանի շաբաթ անց հայտնվեցին արձագանքի առաջին նշանները՝ ձեռքերի շարժումներ, աչքերի ռեակցիա։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր ամուսնու առողջության համար և հույս է հայտնել, որ հենց նրանց աջակցության և աղոթքների շնորհիվ է, որ Տիգրանը սկսել է բացել աչքերը։

«Առաջին ամիսը ես հիվանդանոցում ապրեցի՝ բառացիորեն այնտեղ էի հաստատվել։ Առաջին շաբաթը ոչինչ չէի ուտում, ոչ մի փշրանք։ Ես նույնիսկ չգիտեի, որ դրան ընդունակ եմ», — ասել է Սիմոնյանը։

Նա նաև հավելել է, որ բժիշկները կանխատեսումներ չեն անում։

«Սա բժշկության շրջանակներից դուրս է։ Ոմանք կոմայից դուրս են գալիս մեկ ամսում, ոմանք՝ վեց տարում, ոմանք՝ երբեք», — ասել է նա։

RT-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ Քեոսայանը լուրջ սրտի խնդիրներ ունի՝ նա երեք անգամ սրտի կաթված է տարել։

Լրահոս