Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացի, առկա մարտահրավերների և հետագա քայլերի վերաբերյալ մտքերի փոխանակման համար։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և UNESCAP-ի միջև ձևավորված համագործակցությունը կանաչ տնտեսության խթանման, շրջակա միջավայրի պահպանության, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև փոխկապակցվածության ոլորտներում։
Անդրադառնալով կլիմայի փոփոխության նկատմամբ երկրների խոցելիության նվազեցմանն ուղղված միջազգային աջակցության կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է դիմակայուն ենթակառուցվածքների կառուցման, նախազգուշացման և պատրաստվածության համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղների հետևանքով պատճառված մարդկային կորուստները և նյութական վնասները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է 2026 թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացումը՝ որպես կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության հարցերում համագործակցության կարևոր հարթակ: Ընդգծվել է, որ Հայաստանը` որպես համաժողովը հյուրընկալող երկիր, որդեգրել է ներառական մոտեցում՝ ապահովելու քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը։
Անդրադառնալով Հայաստանի որդեգրած խաղաղության օրակարգին՝ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա ներուժը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության ձևավորման կարևոր երաշխիք ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: