2022 թվականի ապրիլի 18-ին Սափեր Սաքայան անունով մի երիտասարդի Ալավերդիում պարեկային ծառայության աշխատակիցները պահանջել են, որ անձնական զննության համար իջեցնի իր տաբատը»։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում ՄԻՊ տարեկան զեկույցի քննության ժամանակ տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ քաղաքացին հրաժարվել է այն անել փողոցում և նրան տարել են ոստիկանություն և կալանավորել խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։
Պատգամավորն իր հարցն ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպե”ս է նա գնահատում այդ դեպքը։
Պատգամավորը հիշեցրեց նաև քաղաքացի Սամվել Վարդանյանի և նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեև տեղի ունեցած միջադեպից հետո առաջինին ոստիկանության մեքենայում խոշտանգելու դեպքը։
Անահիտ Մանասյանը նշեց, որ 2022 թվականի դեպքը ընդգրկված չէ ՄԻՊ զեկույցում, քանի որ այն 2024 թվականի տարեկան զեկույցն է։
Թովմասյանն արձագանքեց՝ ասելով, որ շփոթվել է, քանի որ նման դեպք է գրանցվել 2024 թվականին քաղաքացի Զորայր Շահվերդյանի հետ, որին տեղափոխել են ոստիկանություն։
«ՀՀ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերով քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Առաջին բանը, որ իմ խոսքում նշեցի՝ գործերի անհապաղությունն է»,- ասաց Մանասյանը և հավելեց, որ Սաքանյանի և այլ գործերի մասով տարիներով արդյունք չեն ունենում։
ՄԻՊ-ը նշեց, որ քանի դեռ քննություն չի եղել և չեն պարզվել հանգամանքնեըր, ապա դեպքը կարող է ձևախեղվել։