21 Ապրիլի, 2025

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ,  շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ Սահմաnaդրական դատարանի որոշման պայմաններում չի կարող լինել մեղադրյալի կարգավիճակ առանց մեղադրանքի։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ նկատեց, որ  ընդհանրապես դատարանում չի կարող վարույթ լինել, եթե չկա քրեական գործ. «Մեղադրանք չէ՝ քրեական գործ։ Սա շատ կարևոր է։ Այս դեպքում մեր վիճարկման առարկան քրեական գործ հարուցելու որոշման օրինականությունն է»։

Նա նշեց, որ ունեն մեղադրանքի փոփոխություն մի քրեական գործի շրջանակներում, որը չկա, հարուցված չէ, որովհետև հարուցման մեջ նշված է մի հոդված, որը գոյություն չի ունեցել։

«Առկա չէ օրինական քրեական գործ, քանի որ քրեական գործ հարուցվել է այն հոդվածի հատկանիշներով, որը ճանաչվել է հակասահմանադրական և ուժը կորցրել է ընդունման պահից՝ այն է 2009 թվականից։ Ունենք փաստ, որ  քրեական գործ հարուցվել և նախաքննությունն իրականացվել է գոյություն չունեցող, ուժը կորցրած, անվավեր ճանաչված, երբևէ չգործած հոդվածով, որը որպես հետևանք անօրինական է  դարձնում դրա ամբողջ արդյունքները։ Ինչ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև հիմա, ամբողջությամբ ոչ իրավաչափ է, որովհետև  հարուցված գործ չկա։ Անդրադառնալով ներկայացված մեղադրանքին, նշված ՔՕ 309 հոդվածին, նկատեմ, որ  երբևէ այդ հոդվածով քրեական գործ հարուցելու որոշում չի կայացվել, ներկա պահին գոյություն չունի այդ հոդվածով հարուցված քրեական գործ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Առանց քրեական գործ հարուցելու, չի կարող  մեղադրանք ձևակերպվել ու առաջադրվել անձին։ Քանի որ առկա չէ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով հարուցված քրեական գործ, ապա չի կարող լինել այդ հոդվածով մեղադրանք»,- հայտարարեց Արամ Օրբելյանը։

Լրահոս