Բանն այն է, որ Արցախի Հանրապետության Կառավարության 2022 թ. որոշմամբ՝ 2020 թվականին զոհված ունեցող բռնի տեղահանված ընտանիքներն իրավունք ունեին բնակարանային ծրագրից օգտվելու կա՛մ Արցախում, կա՛մ ՀՀ-ում:
Ավելի քան 200 ընտանիքներից գրեթե 90-ը ընտրել է ՀՀ տարբերակը, իսկ մի մասն էլ ընտրել էին Արցախը: ՀՀ տարբերակն ընտրած ընտանիքների, Արցախի Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա բանկի կողմից ստացել են հիփոթեքային վարկ, որը պետք է մարեր Արցախի Կառավարությունը 20 տարվա ընթացքում:
Տեղեկացանք, որ ընտանիքները հիմնականում «Զինապահ» հիմնադրամից իրենց տրված գումարները դրել են այդ աջակցության վրա և բնակարաններ գնել ՀՀ տարբեր բնակավայրերում:
Բանկին ամենամսյա վճարումները կատարվել են Արցախի Կառավարության կողմից մինչև 2023 թ. դեկտեմբերը, որից հետո, բյուջե չունենալու պատճառով, նրանք չեն կարողացել վճարումներ կատարել: Դրանից հետո «ԱՄԻՕ» բանկը վարկային արձակուրդ է տվել շահառուներին՝ սպասելով ՀՀ Կառավարության որոշմանը, քանի որ Արցախի Կառավարությունից իրենց տեղեկացրել են, որ Արցախի պետական մարմինների բոլոր պարտավորությունները ցուցակագրվել են ու փոխանցվել ՀՀ Կառավարությանը:
Այս տարվա մարտին բանկը կապվել է շահառուների հետ և ծանուցել, որ ՀՀ Կառավարությունից այդպես էլ իրենց ոչինչ չեն ասել այդ պարտավորությունների մարման վերաբերյալ: Զոհվածների հարազատներին բանկից տեղեկացրել են, որ մայիսի 5-ից նրանք պետք է վճարումները կատարեն, հակառակ դեպքում ստիպված են լինելու դիմել համապատասխան միջոցների, ինչը նշանակում է, որ դատական կարգով են պահանջելու վճարումները և կարող են բնակարաններն էլ վերցնել շահառուներից:
Զոհվածների հարազատները մոտ մեկ ամիս առաջ կոլեկտիվ դիմում են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո էլ հանդիպում են ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ: Ասում են՝ վերջինս բանավոր խոստացել է, որ խնդրին լուծում են տալու, և շահառուները ստիպված չեն լինելու որևէ գումար վճարել բանկին: Մեր տեղեկություններով՝ այդ հարցի վերաբերյալ որոշ խորհրդակցություններ են եղել Կառավարությունում, բայց առ այսօր ոչ մի որոշում չի կայացվել: Ասում են՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը հակված են, որ խնդրին պատշաճ լուծում տան, սակայն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կտրուկ դեմ է արտահայտվում:
Իսկ թե ինչ է կարծում անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ հերթական անգամ ահաբեկում են զոհվածների հարազատներին, դժվար չէ կռահել, մանավանդ որ Տիգրան Խաչատրյանը չի կարող նման հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել: Հիմա հարց է ծագում, թե ինչու են իշխանությունները ահաբեկում զոհվածների տեղահանված ընտանիքներին, երբ հարցը վերաբերում է ընդամենը մոտ 1.2 միլիարդ դրամի:
Ավելին, եթե այս ընտանիքները բնակարան չունենային, միևնույն է՝ արցախցիների համար հաստատված բնակարանային ծրագրով նրանք պետք է Կառավարության կողմից գրեթե նույնչափ աջակցություն ստանային:
Այս ամենի համատեքստում ուշագրավ է նաեւ, որ ՀՀ Կառավարությունն ու բանկերը ստանձնել են Արցախի տարածքում վերցրած ու չմարված շուրջ 315 միլիարդ դրամի բանկային վարկերը՝ 70% եւ 30% հարաբերակցությամբ: Սակայն, արի ու տես, Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի կոկորդին է կանգնել զոհվածների ընտանիքների բաժին, համեմատաբար խիստ փոքր պարտավորությունը, որն իրականում առաջնահերթ կերպով պետք է մարվեր նրանց կողմից:
Խիստ տարօրինակ է նաեւ «ԱՄԻՕ» բանկի մոտեցումը. բանկն օրեր առաջ ՍՄՍ-ով կրկին ծանուցել է զոհվածների ընտանիքներին, որ մայիսի 5-ից պետք է վճարումները կատարեն: Պարզվում է, որ բանկը պահանջում է ամսական շուրջ 300,000 դրամ այն ընտանիքներից, որոնք հազիվ են հոգում իրենց առօրյա կարիքները «Զինապահի» տված գումարների միջոցով: Արդյոք այդ բանկի համար 1.2 միլիարդ դրամն այդքան մե՞ծ գումար է, որ չի զիջում այն կամ դրա մի մասը զոհվածների ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց ամենաթանկը՝ հանուն նույն բանկի և նրա տերերի անվտանգության ու հանգիստ կյանքի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «ԱՄԻՕ» բանկի հետ. բանկից, երկար մտածելուց հետո, հայտարարեցին, թե գրավոր հարցում ուղարկենք: Փորձեցինք զրուցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն` գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, խորհրդական Աննա Գասպարյանը, օգնական Անի Ավետյանը իրենց աշխատանքային հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում