«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 30-ին Երևանի սրտում՝ «Կասկադում», ջազի միջազգային օրը նշվեց բացօթյա միջոցառմամբ՝ միավորելով ջազի սիրահարներին։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս միջոցառումն անցկացնելու համար Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է 34 մլն 433 հազար դրամ` մոտ 90 հազար ԱՄՆ դոլար:
Երեկոյան` ժամը 19:00-ից սկսած, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին վայելելու հայաստանյան լավագույն ջազ երաժիշտների և խմբերի ելույթները: Ելույթ էին ունեցել Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Արտյոմ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը ու շատ ուրիշներ։
Պայմանագրի մյուս կողմը՝ մատակարար «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, ապահովել է լուսային, ձայնային տեխնիկան, ինչպես նաև լեդ էկրանները։
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը մեծ տեղ է տալիս սոցիալական հարթակներում բլոգերների կողմից միջոցառումների հանրահռչակմանը։ Մասնավորապես, նշված միջոցառման համար Երևանի քաղաքապետարանը միջոցառման իրազեկման, հանրահռչակման և գովազդի համար դիմել է բլոգերների և ինֆլուենսերների` մասնավորապես «Կամո բլոգին», Արմինե Հարությունյանին, Հայկ Մկրտչյանին, Մանե Գրիգորյանին և Շուշան Ստեփանյանին։