Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, նշել է. «Իհարկե, երկիրը ճգնաժամի մեջ է, և այս տարվա բոլոր դեպքերը թե պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, թե վերջին իրադարձություններն արդեն ակնհայտ ցույց են տալիս դա։ Հայաստանի ներկայիս վարչակարգը փորձել է մաքսիմալ կերպով թե հարմարվել, թե օգտագործել այս ամենն իր խնդիրները լուծելու համար։
Հովիկ Աբրահամյանի դուրս գալն էլ է ցույց տալիս, որ խորքային պրոցեսներ են իշխանության մեջ, եւ ներքին խոչընդոտներ են ստեղծվել։ Իհարկե, օլիգարխիկ համակարգում ստեղծվել են լուրջ խնդիրներ, որոնց մասին նա խոսում է իր հրաժեշտի ելույթում։ Ըստ երևույթին, հենց այդ պրոբլեմներն էլ հանգեցրել են նրան, որ Հովիկ Աբրահամյանն այդ վիճակում հայտնվեց, և Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ ակնարկ արեց, որ Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի ընտրություններին մասնակցելու։
Մարդկանց կարգավիճակները փոխվել են։ Այս ամենը ես գնահատում եմ ընդամենը որպես գործող վարչակարգի և համակարգի խորքային ճգնաժամ, որտեղ նրանք ամեն կերպ իրար հաշվին փորձում են կարգավորել վիճակը, քանի որ առջևում ընտրություն կոչվող միջոցառում է սպասվում, և պետք է փորձել նորից նոր դիրքեր գրավել։ Հովիկ Աբրահամյանը կարող է ընդհանրապես անհետանալ, նրան հնարավոր է ընդհանրապես մոռանան, կարող է թե բանտում հայտնվել, թե ԱԺ նախագահ կամ նախագահ դառնալ։
Սա արդեն ներքին խմորումների հետ է կապված։ Եվ սա գնահատելու համար պետք է տեսնել դա որևէ կապ ունի ընդհանրապես հանրության ու պետության շահերի հետ։ Կարծում եմ իհարկե չունի, և ամենաճիշտ գնահատականն այն կլինի, որ այսպես կոչված քաղաքական ուժերը, հանրությունը այդպես վերաբերեն դրան, որ հանրության շահերը և հանրության խնդիրները բոլորովին այլ ոլորտում են, որոնք պետք է ձևավորվեն և լուծվեն»։