Գեղարքունիքի մարզում, այսօր հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 5րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 NQ 574 համարանիշի ավտոմեքենան բախվել է կամրջակի բետոնե սյանը, ավտոմեքենայում էլ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ վարորդի նստատեղում, հայտնաբերել են 45-50 տարեկան տղամարդու դի։ Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հնարավոր է վարորդը սրտի կաթված է ստացել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Փրկարարները ավտոմեքենայի միջից դուրս բերեցին դին։