«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու մրցավազքը սկսվել է. իսկ դա նշանակում է նոր ինտրիգային իրավիճակ:
«ՉԻ» տեղեկություններով այս օրերին Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ անդադար հանդիպումների մեջ են ռեյտինգայինների պոտենցիալ թեկնածուների հետ: Շատերն իրենք են ուզում հանդիպել այդ «մերձավորներին» նախ հասկանալու իրենց անելիքը, կամ քանի դեռ ուշ չէ, փոխելու վատ կամ կասկածելի տրամադրվածությունն իրենց հանդեպ:
Օրինակ, Սերժ Սարգսյանի պատանեկության ընկեր, հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը Ֆլեշի Բարսեղը, այս օրերին զբաղված է ինտենսիվ հանդիպումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ նա ռեյտինգայիններում ընդգրկվելու յուրայինների ցուցակ ունի, որտեղ եղած անձանց օգտին լոբբինգ է անում Սերժ Սարգսյանին:
Զուգահեռաբար, օրինակ, ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը Կալուգայի Սամոն, Սերժ Սարգսյանի հորդորով հանդիպում է այն «ոչ ցանկալի օլիգարխների» հետ, որոնց համոզում է հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից եւ սեփական անձի փոխարեն ԱԺ գործուղել ներկայացուցիչ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկանում «նեղացնել» տարիներ շարունակ իրեն ծառայած օլիգարխների, ուստի բացատրական աշխատանքների ծանր բեռն առայժմ դրված է Կալուգայի Սամոյի ուսերին:
Չի բացառվում, որ նա հաջողության չհասնի, ինչից հետո Սերժ Սարգսյանն անձամբ ստիպված կլինի ոչ ասել այն մարդկանց, որոնց շնորհիվ տարիներ շարունակ կեղծել է ընտրությունների արդյունքներն ու ինքնահռչակվել նախագահ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում