Այսօր ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, ժամը 13:25-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը, «մեխանիկական շնչահեղձություն, շնչական անբավարարություն 1-ին աստիճանի կոմատոզ վիճակ, գլխուղեղի հիպոքսեմիա» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի թիվ 1-ին հիմնական դպրոցից, որը Արարատի մարզի բնակիչ 12-ամյա նշված դպրոցի սան է։ Պարզվել է նաև, որ ժամը 13:10-ի սահմաններում աշակերտը դպրոցի մարզադահլիճում դասամիջոցի ժամանակ պտուտակաձողի վրա ամրացված ճոպանով ինչ-որ գործողություններ է կատարել, և պարանը փաթաթվել է տղայի պարանոցին:
Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ու աշակերտները տարօրինակ ձայներ են լսել ու մտնելով դահլիճ երեխային հայտնաբերել են կախված։ Ֆիզկուլտուրայի 37-ամյա ուսուցիչ Մանվել Մկրտչյանը կարողացել է ժամանակին կտրել պարանը, ապա անհրաժեշտ մերսումներ կատարելուց հետո, երեխային կարողացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել, որից հետո տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով երեխային Արարատի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։