10 Փետրվարի, 2023
Անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու փաստով ոստիկանները բերման են ենթարկել անչափահասի։ Փաստաբանները գնացել են աչափահասի առերեսմանը, որը պետք է առերեսվեր ոստիկանության օպեր աշխատակցի հետ։ Ոստիկանության Էրեբունու բաժնում այդ ոստիկանների ներկայությամբ հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, հետո պրովոկացիայի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ու ծեծել են փաստաբանին։ Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը արձանագրելով, որ երկար տարիներ նման միջադեպի չենք առնչվել։

Զոհրաբյանը հայտնեց, որ դեպքից հետո դեպքի վայր է գնացել ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանը, տեղում փորձել են արդարանալ, թե իբրև փաստաբանն ինչ-որ վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրավունք ունեն պատժելու։

«Եթե անգամ ընդունենք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել, հարգելիներս, դրա համար կա Փաստաբանների պալատ, որտեղ կարող էին դիմել, եթե հանցագործություն է պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո, կա քրեադատավարական ընթացակարգ։ Ինչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել, սա անընդունելի արարք է։ Կոչ եմ անում ոստիկանության պետին, Ներքին գործերի նախարարին միջոցներ ձեռնարկել և այն բոլոր ոստիկաններին, որոնք ներգրավված են եղել այդ ծեծելու գործընթացի մեջ, պետք է գնահատական տրվի նրանց արարքին, քրեաիրավական գնահատականից զատ պետք է առնվազն կասեցնել նրանց լիազորությունները։ Նրանք չեն կարող ոստիկան լինել։ Պատկերացնու՞մ եքմեր վիճակը, փաստաբանը, որը երկար ժամանակ կրթություն է անցնում, որ քաղաքացուն պաշտպանի, ինքն այսօր պաշտպանության կարիք ունի»,- ասաց Զոհրաբյանը ընդգծելով, որ ամեն ինչ ձեռնարկվելու է, որ մեղավորները պատասխան տան։

Հիշեցնենք, որ Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել փաստաբաններ Էմանուել Անանյանին և Մարզպետ Ավագյանին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում։

Լրահոս