16 Մայիսի, 2022
Երևանում այսօր մայիսի 16–ին, շտապօգնության բժշկի եւ վարորդի նկատմամբ բռնությունը տեղի է ունեցել Արհեստավորների առաջին փողոցի տներից մեկում` Գումի շուկայի հարեւանությամբ:«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչու են կանչ գրանցած հիվանդի հարազատները ծեծել բժշկին։ Նա պատմել է, որ հիվանդին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո է միջադեպը տեղի ունեցել։

«Հիվանդ կնոջ ամուսինն ու տղան խմած են եղել, բժշկին ծեծել են։ Չեմ կարող ասել, թե էդ ինչ «վատություն» է արել բժիշկը, որ որոշել են ծեծել։ Լոմով հարվածել են բժշկի գլխին, քիթն են ջարդել, իսկ վարորդը նորմալ վիճակում է, նա հիվանդանոցում հետազոտվելուց հետո ոստիկանություն է ներկայացել»,– պատմեց Թագուհի Ստեփանյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երեւանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, նրանք տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ ոստիկանության կենտրոնական բաժնում դեպքի առնչությամբ ահազանգ է ստացվել, նյութեր են նախապատրաստվում, կա բերման ենթարկված անձ։

«Հաղորդում է ստացվել, որ շտապօնգության բժշկին ծեծի են ենթարկել, այդ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում, բերման ենթարկված անձ կա»,– փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

 

Լրահոս